Կարծիք. Բագրատ Սրբազանի պայքարը տեղավորվում է նոր աշխարհակարգի տրամաբանության մեջ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը գլխավորում է հոգևորական Բագրատ (Սրբազան) Գալստանյանը և պահանջում է Հայաստանի ներկայիս վարչապետի հրաժարականը, տեղավորվում է համաշխարհային քաղաքականության մեջ ի հայտ եկած որոշ նոր միտումների մեջ։ Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Վահե Դավթյանը, գրում է EADaily.com-ը։
Փորձագետը վստահ է, որ ընթացիկ 2024 թվականը շրջադարձային տարի է, որը հատկապես դրսևորվում է հունիսի 9-ին ավարտված Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներով։ Եվրոպայում ավանդական քաղաքական ճարտարապետության արմատական փոփոխությունների մասին են վկայում Ֆրանսիայի խորհրդարանը ցրելու և նաև արտահերթ ընտրություններ անցկացնելու Էմանուել Մակրոնի որոշումը, Օլաֆ Շոլցի հռետորական նահանջը, իտալական ծայրահեղ աջ ուժերի լեգիտիմության կտրուկ աճը և այլ շատ միկրո և մակրո գործընթացները:
Քաղաքագետը հավելել է, որ երկու առումներով է հետաքրքիր իրավիճակ ստեղծվում:
«Առաջին հերթին զգալիորեն կնվազի Բրյուսելի աջակցությունը Հայաստանի ներկայիս իշխանությունների ուլտրաազատական ուղղվածությանը։ Որքան ուժեղ լինի աջ ճակատը ԵՄ-ում, այնքան ավելի դժվար կլինի նման որոշումների կայացումը։ Երկրորդ հերթին որոշակի խնդիրներ կարող են առաջանալ ԵՄ-Ադրբեջան համագործակցության ոլորտում։ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենը հայտնի է Բաքվի հետ տնտեսական և, մասնավորապես, էներգետիկ հարաբերությունները զարգացնելու իր ջանքերով։ Ստեղծված իրավիճակում, աջերի ճնշման ներքո, նա ստիպված կլինի մեղմել իր հակառուսական վերաբերմունքը, ինչը հետագայում կարող է հանգեցնել ռուսական գազի կշռի ավելացմանը եվրոպական շուկայում (մանավանդ, որ այսօր էլ մատակարարումները շարունակվում են օրական 40-45 մլն խմ ծավալով): Ակնհայտ է, որ նման հեռանկարը Բաքվի համար կլինի որովայնից ցածր հարված»,- նշել է Դավթյանը։
Այդ առնչությամբ փորձագետն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Բագրատ Գալստանյանի շարժման ողջ էությունն իր ողջ առաքելությամբ ուղղված է ազգային պետության կերտմանը։
«Հաշվի առնելով աշխարհում աջակողմյան գաղափարախոսության շարունակական տարածումը (որն արդեն նկատելի է դառնում նաև ԱՄՆ-ում), Բագրատ Սրբազանի պայքարն իր արժեհամակարգով օրգանապես տեղավորվում է ձևավորվող նոր աշխարհակարգի տրամաբանության մեջ»,- եզրափակել է Դավթյանը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը