ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցի պայթյունի վերաբերյալ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը մանրամասներ է ներկայացրել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ։
Հաղորդագրության մեջ նշվում է. «Հունիսի 23-ին, ժամը 07։37-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվերանի հյուրանոցներից մեկում պայթյուն է տեղի է ունեցել. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ պայթյուն է տեղի ունեցել մոտ 9 քմ մակերեսով հսկիչ-անցագրային կետում, ինչի հետևանքով վնասվել է 6 պատուհան և գույքը՝ մասամբ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ անվտանգության աշխատակից Ա․ Խ․-ն (ծնված 1985 թ.), որը ստացել է տարբեր աստիճանի մարմնական այրվածքներ, հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, այնուհետև՝ Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ:
Ավելի վաղ ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն «Արմենպրես»-ին տեղեկացրել էր, որ «Աղվերանի Արարատ ռեզորթ» հյուրանոցի պահակակետում պայթյունի մասին հունիսի 23-ի ժամը 7:58-ի սահմաններում ահազանգ է ստացվել։
«Նաև հրդեհ է բռնկվել: Այս պահին հրդեհը մարված է, 1 հոգի հոսպիտալացվել է»,-մանրամասնել էր Սարգսյանը: