«Հայաստանին սպասվում է լիակատար շրջափակում»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՏավուշում զիջումների արդյունքում Ադրբեջանը հնարավորություն կունենա դիվերսիոն հարձակումներ իրականացնել Լոռու մարզի կենտրոնական հատված, որը համարվում էր երկրում ամենաանվտանգներից մեկը, ասել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը «Արարատյան դաշինք» համաժողովի ժամանակ, գրում է dzen.ru-ն։
«Այդ տարածքում կլինեն գործնականում անզեն հայ սահմանապահներ, որոնք կկանգնեն ադրբեջանցի սահմանապահների դիմաց։ Բայց վերջիններս, ի տարբերություն հայ սահմանապահների, լիարժեք մարտական ստորաբաժանում են»,- նշել է փորձագետը։
Գեղամյանը բացատրել է, որ առաջնագիծը խրվել է Հայաստանի տարածքի մեջ խոցելի դարձնելով այդ գոտին։
«Միևնույն ժամանակ, բոլոր գործընթացներն իրենց բնույթով միակողմանի են և հօգուտ Ադրբեջանի, քանի որ Բաքվի կողմից օկուպացված տարածքները, այդ թվում Տավուշի տարածքում գտնվողները, Հայաստանին չեն վերադարձվի։ Այսօր նկատվում է ոչ թե սահմանի սահմանազատում, այլ Հայաստանի բռնազավթում,- հավելել է նա,- փորձ է արվում նաև ամեն ինչ ներկայացնել այնպես, որ հայկական 8 գյուղերի հանձնումից հետո, ինչպես փորձում են ներկայացնել հանրությանը, կլինի իրական Հայաստան իրական սահմաններով։ Ընդ որում, Ադրբեջանն ի սկզբանե ցանկանում էր ստանալ բոլոր 8 գյուղերը միանգամից։ Բայց, տեսնելով Հայաստանում նկատվող դիմադրությունը, համաձայնեցին «4+4» տարբերակին։ Առաջին 4 գյուղերի հանձնումը տեղի է ունեցել մայիսին, և, ըստ պայմանավորվածությունների տրամաբանության, հաջորդ 4 գյուղերի հանձնումը պետք է տեղի ունենա հուլիսի կեսերին։ Այսինքն կլուծվի այսպես կոչված անկլավների հարցը, Բաքվի առաջնային թիրախը Տիգրանաշենն է, որը Հայաստանն արտաքին աշխարհի (Իրանի) հետ կապող երթուղի է»։
Թուրքագետի խոսքով, Հայաստանի տարբեր հատվածներ առաջին անգամ կբախվեն միմյանց հետ հաղորդակցվելու խնդրին, ինչը կարող է հանգեցնել ժողովրդագրական բացասական հետևանքների։
«Այն, ինչ տեղի կունենա, ոչ թե Հայաստանի ապաշրջափակումն է, այլ Հայաստանի ամբողջական շրջափակումը։ Հայաստանի ներսում կհայտնվեն փոքր միջանցքներ, որոնք կոչված կլինեն ապահովելու Ադրբեջանի և այսպես կոչված անկլավների միջև կապը, և որոնք կարող են հանձնվել»,- նշել է փորձագետը և պարզաբանել, որ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը չի սահմանափակվում միայն 8 բնակավայրով։
«Այս բոլոր գործընթացները կարագացնեն, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի նախագծի իրականացումը։ Բաքուն ծրագրում է այս տարվա վերջին ավարտել օկուպացված Արցախում ճանապարհաշինական աշխատանքները։ Դա խոսում է այն մասին, որ այդ հարցով ճնշումը կմեծանա այս տարեվերջին և հաջորդ տարվա սկզբին»,- եզրափակել է Գեղամյանը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը