Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից առաջին անգամ Մելիքգյուղ էր բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի Մասունքը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱյսօր Ապարանի հոգևոր հովվության Մելիքգյուղ համայնքում տոնվեց Սուրբ Հովհաննես եկեղեցու վերաօծման 29-րդ տարեդարձը: Հայտնում են Արագածոտնի թեմից։
Այս առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ ու Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից առաջին անգամ Մելիքգյուղ էր բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի Մասունքը ու մատուցվեց տոնական Սուրբ և Անմահ Պատարագ:
Օրվա պատարագիչն էր՝ Արագածի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մաղաքիա քահանա Գևորգյանը:
Պատարագիչ հոգևորականը ներկաներին ուղղված իր քարոզում խոսելով մարդկանց հանդեպ Աստվածային անսահման սիրո դրսևորումների և միմյանց հանդեպ սիրով լցվելու մասին, նշեց.«Եթե մենք ուզում ենք Աստվածային սերը մեր մեջ ամբողջովին բնակվի և մենք էլ մեր հերթին փոխանցողը լինենք Աստվածային սիրո, պետք է մնանք Աստծո խոսքի և Աստծո պատվիրանի մեջ, գործենք ինչպես Աստված մեզ քարոզեց և ինչպես Աստված մեզ պատվիրեց:
Մեր Տեր Աստված եկավ աշխարհ և ամենքիս համար իրեն մատնեց խաչին, որպեսզի մեզ փրկի, նաև մենք պետք է մեր անձը, ինչ-որ մի տեղ փոքրացնելով, ճնշելով դիմացինի համար լավ գործ անենք, որովհետև մենք մեր Փրկչի զավակներն ենք»:
Սուրբ Պատարագին ներկա էր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սարգիս քահանա Սարգսյանը, ներկա էին եկեղեցու բարերարներ, ուխտավորաբար Մելիքգյուղ եկած հավատավոր զավակներ:
Հավարտ Սուրբ Պատարագի Մելիքգյուղ համայնքի «Լույս մանկանց» կիրակնօրյա դպրոցի շուրջ 40 սաներ ներկայացրեցին իրենց պատրաստած հոգևոր-մշակութային միջոցառումը:
Մեր որդիական խոնարհումն ենք բերում Ամենայն Հայոց Հայրապետին և Թեմիս բարեխնամ Առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին՝ Սուրբ Մասունքի այս մեծ օրհնությանը մեզ արժանացնելու համար: