Հայաստանը մարտահրավեր է նետում Ռուսաստանին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի գործընկերային ձևաչափով միջոցառմանը մասնակցելու հրավեր է ստացել և հաստատել է իր մասնակցությունը։ Այդ մասին հայտնում է Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ Նրա խոսքով, «այլ պայմանավորվածություններ այս պահին չկան»։ Թվում է, թե սա ցուցադրական մարտահրավեր է Երևանից ուղղված Մոսկվային, և դրանից կարող են հետևել այլ իրադարձություններ։ Այս ամենի մասին է մտորում iarex.ru-ի սյունակագիր Ստանիսլավ Տարասովը։
«ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը Բաքվում կայացած ճեպազրույցում տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին և Հայաստանին հրավիրել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում արտգործնախարարների հանդիպմանը։ Արձագանքել է միայն Հայաստանը: Գագաթնաժողովը տեղի կունենա 2024 թվականի հուլիսի 9-ից 11-ը, որը համընկնում է Հյուսիսատլանտյան պայմանագրի ստորագրման 75-ամյակի հետ։ Ի դեպ, գագաթնաժողովին երկրները կքննարկեն «Ուկրաինային օգնությունը և Կիևի համար դեպի ՆԱՏՕ-ի կամուրջ կառուցելը»։ Ուստի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և նրա ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի Խորվաթիայում տեղի ունեցած հանդիպումն ու բանակցությունները տեղավորվում են այս ամենի համատեքստում»,- ասել է Տարասովը։
Սա փոխկապակցված իրադարձությունների շղթա է ստեղծում, որոնք ընդգծում են Արևմուտքի նկատմամբ Երևանի հետևողական գործողությունների ծրագիրը, նշել է քաղաքագետը։ Նա հիշեցրել է, որ 2024 թվականի փետրվարի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցման մասին Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի դիրքորոշման պատճառով, իսկ մայիսի սկզբին Երևանը դադարեցրել էր կազմակերպության ֆինանսավորումը։ Ավելի ուշ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա «հարմար պահին, քանի որ այլ ճանապարհ չկա»։
Հունիսի վերջին էլ Հայաստանը հրաժարվել էր ստորագրել կազմակերպության բյուջեն, «քանի որ հանրապետությունը կառույցի նկատմամբ ֆինանսական պարտավորություններ չունի»։ Նման հայտարարություններն ու գործողությունները ուղեկցվել և ուղեկցվում են Հայաստանի և եվրոպական երկրների և ԱՄՆ-ի միջև շփումներով։
Հայաստանի արտգործնախարար Միրզոյանը հայտնել է, որ իշխանությունները քննարկում են «նոր հնարավորություններ», այդ թվում Եվրամիությանն անդամակցելը, Փաշինյանն էլ խոսել է ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին։ Իսկ ընդհանրապես, վերջերս, ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայ քաղաքական գործիչների Ռուսաստանին ուղղված բառապաշարում սկսել է գերակշռել վիրավորական հռետորաբանությունը, նշել է Տարասովը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը