Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը քաղաքապետերի համար դարձել է պարտադրված խոստում. Մեսրոպ Առաքելյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱյն, որ մետրոյի նոր կայարանի շինարարությունը որևէ քայլ առաջ չի գնացել, կարծում եմ՝ տրամաբանական է, որովհետև այս իշխանությունը արդեն երկու տարուց ավել է՝ չի կարողանում կառուցել մետրոյի ենթադրյալ կայարանից մի քիչ այն կողմ գնվող՝ Ծիծեռնակաբերդի խճուղում փլուզված 200 մետր ճանապարհը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ խոսելով այն մասին, որ քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցության ժամանակ պարզ դարձավ՝ մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը նախնական գնահատումով կավարտվի 2030-2032 թվականներին:
«2 տարի առաջ այդ հատվածը փլուզվել էր, և մինչև հիմա այդտեղ մեկ գիծ է շահագործվում: Եթե իշխանությունը չի կարողանում 200 մետր ճանապարհ կառուցել, մետրոն չկառուցելը ՝բնական է: Շուռնուխում 4 տարում 13 տուն հազիվ կառուցեցին: Ավինյանը խոստացել էր 2022 թվականի վերջին հյուսիս-հարավ ճանապարհն ամբողջովին շահագործման հանձնել, բայց դեռ աշխատանքները շարունակվում են, բազմաթիվ հատվածներում ընդհանրապես աշխատանքների սկսման մասին խոսք գնալ չի կարող: Խոսել մետրոյի կայարանի շինարարության մասին, ինչը ծանր ու աշխատատար նախագիծ է... ես անգամ նշված 8 տարում կառուցելու նախադրյալներ չեմ տեսնում»,-ասաց նա:
Հարցին, թե ինչ փուլում են այս պահին կայարանի կառուցման աշխատանքները, Մեսրոպ Առաքելյանը պատասխանեց.
«Մանրամասների չեմ տիրապետում, ենթադրում եմ՝ ինչ-որ նախագծեր են քննարկում, պատվիրում: Բայց չմոռանանք, որ Աջափնյակի մետրոպոլիտենի մի հատվածը Խորհրդային միության ժամանակ կառուցվել էր, թունելների մի հատվածը փորված է, այսինքն զրոյական մետրոյի կայարան չեն կառուցում: Ավինյանից առաջ էլ Հայկ Մարությանն էր խոսում մետրոյի կայարանի կառուցման մասին, նրանից առաջ էլ՝ Տարոն Մարգարյանը: Աջափնյակի մետրոն քաղաքապետերի համար դարձել է պարտադրված խոստում, որ եթե նախկին քաղաքապետը խոստացել էր, որ Աջափնյակի մետրոյի կայարանը կկառուցեր, հաջորդ քաղաքապետը չի կարող հրաժարվել այդ պոպուլիստական քայլից»:
Մեսրոպ Առաքելյանի խոսքով, Երևանի տրանսպորտային համակարագի խնդիրների լուծումը Աջափնյակի մետրոն չէ:
«Երևանը Մոսկվան կամ Լոնդոնը չէ, որոնց հիմնական տրանսպորտը մետրոն է: Երևանում մետրոյից օգտվում է տրանսպորտից օգտվողների մոտ 10 տոկոսը՝ օրական 60 հազար մարդ: Ասում են՝ կայարանը կառուցենք, 60 հազարը կդառնա 72 հազար: Բայց ընդհանուր քաղաքի տրանսպորտից օգտվողների մեջ այդ թվի փոփոխությունը ընդամենը 2 տոկոս է: Այսինքն ընդամենը 2 տոկոս հոսքի փոփոխության համար կատարել այսպիսի ահռելի ծախսեր, արդյունավետ չէ: Բացի այդ, այդ կայարանը, որը գտնվելու է Թումոյի այգու հատվածում, չի սպասարկելու 1 կմ վերև գտնվող Հանրապետական հիվանդանոցի հատվածի բնակիչներին, որովհետև ոչ ոք մետրո չի նստելու, հետո 1 կմ ոտքով քայլի»,-ասաց նա: