«Քաղաքագետ Ավատկով. Էրդողանն ու Փաշինյանն անսպասելի դուետ են անդրկովկասյան ասպարեզում»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԹուրքիան ակտիվացնում է իր դիվանագիտությունն Անդրկովկասում ձգտելով առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, գրում է v-pitere.ru-ն։ Քաղաքագետ Վլադիմիր Ավատկովը վերլուծել է այդ քայլի հետևանքները տարածաշրջանային քաղաքականության և ռուսական շահերի վրա։
Հիշեցնենք, որ Եվրո խաղում Վրաստանի նկատմամբ Թուրքիայի տարած հաղթանակի ֆոնին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Փորձագետը նշել է, որ այդ շփման պահը պատահական չի ընտրվել, Հայաստանը ներքին հուզումների հերթական ալիքն է ապրում, ինչը նրան դարձնում է հատկապես խոցելի արտաքին քաղաքական առումով։ Ղեկավարների զրույցի արդյունքում հայտնի է դարձել, որ պայմանավորվածություն է եղել երկկողմ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների, ինչն Ավատկովը զարմանալի է համարել հաշվի առնելով կողմերի նախկին բազմաթիվ պահանջները։
Վերլուծաբանն ընդգծել է, որ այս նոր «համագործակցության» գլխավոր շահառուն լինելու է Թուրքիան։ Անկարան հնարավորություն ունի ընդլայնելու իր ազդեցությունն Անդրկովկասում առանց զիջումների գնալու այնպիսի զգայուն հարցերում, ինչպիսին է Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Այդ նախապայմանը վաղուց է գայթակղության քարը եղել հայ-թուրքական հարաբերություններում։
Ավատկովը կանխատեսում է թուրքական դիվանագիտության հաջորդ քայլը, այն է միջնորդություն Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման հարցում: Նրա կարծիքով, Անկարան ձգտում է զբաղեցնել տարածաշրջանում գլխավոր միջնորդի դերը, ինչը թույլ կտա բոլոր կողմերին պայմաններ թելադրել։
Փորձագետը նշել է թուրքական դիվանագիտության հմտությունը և ենթադրել, որ Անկարան կարող է Ռուսաստանին իր գործողությունները ներկայացնել որպես տարածաշրջանում արևմտյան ազդեցությունը կանխելու միջոց։ Այնուամենայնիվ, Ավատկովը հռետորական հարց է հնչեցրել, թե իսկապե՞ս կարող է Անդրկովկասում թուրքական ներկայության ուժեղացումը համապատասխանել Մոսկվայի շահերին։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը