Վաղը Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Ալիևի և Էրդողանի հետ. ՌԴ նախագահի օգնական
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀուլիսի 3-ին Աստանայում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի, Մոնղոլիայի նախագահի, Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Հիմնականում երկկողմ բանակցությունները տեղի կունենան հուլիսի 3-ին, այսինքն՝ մինչև ՇՀԿ գագաթնաժողովի բացումը։
Սպասվում է, որ առաջին զրույցը տեղի կունենա Մոնղոլիայի նախագահի հետ, ապա՝ Ադրբեջանի նախագահ Ալիևի, դրանից հետո՝ Պակիստանի ղեկավար Շարիֆի հետ։
Դրանից հետո տեղի կունենա զրույց Էրդողանի հետ, ապա հանդիպում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։
Իսկ մինչ գագաթնաժողովի մասնակիցների համար ոչ պաշտոնական ընթրիքը, մեր նախագահը կհանդիպի իր՝ այս գագաթնաժողովը հյուրընկալող պարոն Տոկաեւի հետ»,- ասել է Ուշակովը։
ՇՀԿ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 3-4-ը Աստանայում։