Մեկ ամսվա ընթացքում հնարավոր է ստորագրել խաղաղության պայմանագիրը, սակայն Բաքուն արհեստական խոչընդոտներ է ստեղծում. Արարատ Միրզոյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄենք պատրաստ ենք լիովին կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, հաստատել դիվանագիտական հարաբերություններ, բացել սահմանը Թուրքիայի հետ:
Այս մասին Թբիլիսիում ՀՀ-ի ու Վրաստանի արտգործնախարարների մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Ինչպես և նախկինում, Հայաստանը շահագրգռված է և գործնական ջանքեր է գործադրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու համար»,- հայտնել է նախարարը։
Անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը, Միրզոյանը նախ շնորհակալություն է հայտնել վրացական կողմին Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանն աջակցելու համար։
Նա շեշտել է հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը սկսելու և շարունակելու կարևորությունը՝ նշելով, որ այն ընթանում է Ալմաթիի հռչակագրի հիման վրա։
«Բաքուն արհեստական խոչընդոտներ է ստեղծում խաղաղության համաձայնագրի կնքման համար: Մենք մեծ նշանակություն ենք տալիս գործընթացի շարունակմանը։ Զուգահեռ ընթանում է խաղաղության համաձայնագրի պատրաստումը, Հայաստանն այստեղ ևս տրամադրված է շատ կառուցողական։ Հուսով ենք և իրատեսական ենք համարում, որ մեկ ամսվա ընթացքում հնարավոր է՝ ինտենսիվ աշխատելով, ավարտել պատրաստումը և ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ։ Չեմ կարող ասել, որ առաջարկը ստացել է դրական արձագանք, հակառակը, մենք տեսնում ենք նոր, արհեստական խոչընդոտներ գործընթացը արգելակելու համար, բայց մենք շարունակում ենք հավատալ, որ կա իսկապես պատմական հնարավորություն երկարատև խաղաղության համար տարածաշրջանում: Մենք կառուցողական առաջարկ ենք ներկայացրել և կառուցողական ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում կարծում ենք, որ այս ապաշրջափակումը կարող է տնտեսական օգուտներ բերել ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև տարածաշրջանի երկրների և նույնիսկ ավելի մեծ տարածաշրջանի համար։ Ավելին, կարծում ենք, որ այս ծրագիրը և ապաշրջափակումը խաղաղության հաստատմանը նպաստող լրացուցիչ գործոն կդառնա։ Այդ իսկ պատճառով մենք նախաձեռնեցինք «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։ Հետաքրքիր է, որ ՀՀ վարչապետն առաջին անգամ Թբիլիսիում է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը»,- ասել է Միրզոյանը։