Անվտանգության խորհուրդ. շքերթի հայկական ջոկատները Մինսկ չեն ժամանել անհասկանալի պատճառներով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը պատմել է, թե ինչո՞ւ Հայաստանից շքերթի ջոկատներ չեն եկել Մինսկ հուլիսի 3-ին Անկախության օրվա շքերթին, գրում է belarus.kp.ru-ն։
Վոլֆովիչն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ բելառուսական կողմը Հայաստանի ներկայացուցիչներին հրավիրել էր մասնակցելու հուլիսի 3-ին Մինսկում կայանալիք շքերթին։ Նա նշել է, որ Հայաստանը դեռևս ՀԱՊԿ անդամ է և հրավիրված է նշված կազմակերպության շրջանակներում բոլոր ֆորումներին։ Անվտանգության խորհրդի պետքարտուղարը նշել է, որ այդ օրերին Մինսկում տեղի է ունենում նաև միջազգային միջոցառում։ Խոսքը ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի մասին է։ Այս միջոցառմանը ևս Հայաստանը հրավիրված էր։
«Բայց ինչ-որ անհասկանալի, ամենայն հավանականությամբ, սուբյեկտիվ պատճառներով (մենք հասկանում ենք, թե որոնք են այդ պատճառները), ցավոք, հայկական պատվիրակությունը, հայկական շքերթի ջոկատները չեն ժամանել շքերթին մասնակցելու համար»,- ընդգծել է Վոլֆովիչը։
Նա նաև հայտարարել է, որ հայ ժողովրդի պապերն ու նախապապերը մասնակցել են Բելառուսի, Խորհրդային Միության ազատագրմանը, մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին։
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ զորահանդեսին մասնակցել է Զինված ուժերի 5 %-ից էլ պակաս անձնակազմ. «Մնացածը մարտական դիրքերում են»։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը