Հազիվ թե ֆուտբոլն ու «Գորշ գայլերի» սիմվոլի հետ կապված սկանդալն ավելի կարևոր լինեին Էրդողանի համար, քան Շուշիի հանդիպումը. Սուրենյանց
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՍուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Էրդողանի «ֆուտբոլային դիվանագիտությունը»
Թուրքական և գերմանական մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ, նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հուլիսի 6-ին կմեկնի Բեռլին՝ ներկա գտնվելու ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի Թուրքիա-Նիդերլանդներ հանդիպմանը: Էրդողանը Բեռլին է մեկնում իբրև թե հավաքականի խաղացող Մերիհ Դեմիրալի շուրջ ծագած սկանդալից հետո նրան աջակցելու նպատակով: ՈւԵՖԱ-ն Դեմիրալի դեմ պաշտոնական հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ Ավստրիայի հետ խաղում խփած գոլից հետո նա ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության անդամների կողմից լայնորեն օգտագործվող ժեստ էր ցուցադրել։
Սիմվոլիզմը թուրքական քաղաքականության կարևոր բաղադրիչ է, ուստի անկարևոր չեմ համարում Էրդողանի աջակցությունը իր հավաքականի խաղացողին, որին, ըստ էության, պատժում են սիմվոլիկ ժեստի համար: Բայց նաև թուրքական արտաքին քաղաքականության կարևոր, եթե չասենք՝ գերակա ուղղություն է Թյուրքական պետությունների կազմակերպությունը, որի ղեկավարները հուլիսի 6-ին հավաքվում են Շուշիում՝ ոչ պաշտոնական գագաթաժողովի՝ փաստորեն առանց Էրդողանի մասնակցության:
Հազիվ թե ֆուտբոլն ու «Գորշ գայլերի» սիմվոլի հետ կապված սկանդալն ավելի կարևոր լինեին Էրդողանի համար, քան Շուշիի հանդիպումը: Կարելի է ենթադրել, որ Աստանայում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի հետնաբեմում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք ստիպել են Էրդողանին՝ մոգոնել «ֆուտբոլային դիվանագիտության» այս դրվագը: Որպես վարկած, առաջ քաշեմ այն թեզը, որ «Միջին միջանցքի» ամերիկյան նախագիծը, որի լոբբիստը վերջին շաբաթներին դարձել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ'Բրայենը, «բաժանարար» որոշակի գիծ է առաջացրել Բաքվի և Անկարայի հարաբերություններում:
Հայ-ադրբեջանական խաղաղության ամերիկյան պրոյեկտը ենթադրում է Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ազդեցության սահմանափակում Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում: Նման հետանկարին Անկարան ամենևին դեմ չէ, մանավանդ, վակուումը, մեծ հաշվով, լցվելու է հենց թուրքական գործոնով: Ալիևն, իհարկե, «Միջին միջանցքին» դեմ չէ, մանավանդ, որ դրա շնորհիվ առնվազն պարզեցված տրանսպորտային հաղորդակցություն է ստանալու Սյունիքում, բայց Բաքվում ակնհայտորեն ուզում են մեծացնել իրենց «գինը»՝ հատկապես, որ Մոսկվան ու Պեկինը պատրաստ են մասնակցել բարդ այս խաղին: Ըստ այդմ, Վաշինգտոնից հնչող առաջարկությունների ֆոնին Ալիևն Աստանայում «ռազմավարական» փաթեթավորմամբ հանդիպումներ է ունենում Պուտինի և Սի Ծինփինի հետ՝ վերջինս հետ կնքելով նաև ռազմավարական համագործակցության հռչակագիր:
Սրան հավելենք նաև այն փաստը, որ նույն Աստանայում, ըստ ամենայնի, անարդյունավետ են անցել Պուտին- Էրդողան բանակցությունները. այդպես էլ չի հստակեցվել Ռուսաստանի նախագահի Թուրքիա այցի ժամկետը, իսկ Պուտինի խոսնակը բացառել է Անկարայի միջնորդությունը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում: Անգամ անզեն աչքով նկատելի է, որ Աստանայում միանգամայն տարբեր, եթե չասենք՝ հակադիր օրակարգեր են ունեցել Ալիևն ու Էրդողանը: Ահա, թե ինչու Շուշիի փոխարեն Էրդողանը նախընտրեց Բեռլինը»: