Աբխազիան հայտարարություն է տարածել՝ իր բողոքը հայտնելով Վրաստանում Արարատ Միրզոյանի հայտարարությունների կապակցությամբ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱբխազիայի ԱԳՆ հայտարարություն է տարածել՝ իր բողոքը հայտնելով Վրաստանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հայտարարությունների կապակցությամբ։
«Աբխազիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում հայկական կողմին չօգտագործել Վրաստանի տարածքային ամբողջականության մասին առասպելական ու կարծրատիպային արտահայտություններ, որոնք հակասում են օբյեկտիվ իրականությանը»,- ասվում է Աբխազիայի ԱԳՆ մեկնաբանության մեջ՝ Վրաստանի եւ Հայաստանի արտգործնախարարների կողմից հնչեցված հայտարարությունների կապակցությամբ։
«Ուշադրություն ենք դարձրել Վրաստանի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարներ Իլյա Դարչիաշվիլիի և Արարատ Միրզոյանի հայտարարությունների վրա՝ միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքի և աջակցության մասին, որոնք հնչել են հուլիսի 3-ին՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարի ՝Թբիլիսի կատարած այցի ժամանակ։ Այս կապակցությամբ հարկ ենք համարում հայտարարել, որ Աբխազիայի Հանրապետությունը անկախ պետություն է, որի ինքնիշխան կարգավիճակն ամրագրված է Աբխազիայի Հանրապետության 1994 թվականի Սահմանադրությամբ և հաստատված է 1999 թվականի Աբխազիայի Հանրապետության պետական անկախության մասին ակտով, որն ընդունվել է համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով։ Հայկական կողմին կոչ ենք անում չօգտագործել Վրաստանի առասպելական տարածքային ամբողջականության մասին շաբլոն արտահայտություններ, որոնք հակասում են օբյեկտիվ իրականությանը»,- նշված է մեկնաբանությունում։
Աբխազիայի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել, որ «Հայաստանի ղեկավարությունը ճիշտ հետևություններ կանի և կփոփոխի իր դիրքորոշումն այս հարցում»։