«Մենք մեզ տանում ենք կործանման, ուրիշներին էլ ասում ենք՝ եկեք, մեզ փրկեք». «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
«Մարդկանց հոգեբանությունն է խեղվել: Մեր ժողովուրդը տարօրինակ և անընդունելի է մտածում: Սա, իհարկե, պատճառներ ունի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է բանաստեղծ Հուսիկ Արան:
Նշում է՝ ժողովուրդը տարիներ շարունակ չէր հաշտվում սոցիալական անարդարության հետ: «Նախկին իշխանությունները չպետք է թույլ տային, որ նման մեկը գար իշխանության, երկիրը չհասցնեին սոցիալական անարդարության շեմին: Իսկ հիմա տեսնելով պատերազմ ու ավեր՝ ժողովուրդն ուզում է խաղաղություն, հանգիստ, բարեկեցիկ կյանք: Սա բնական է, ամեն ժողովուրդ է դրան ձգտում: Մեր մտքին լավ ապրելն է, միայն թե լավ ապրենք ու ամեն ինչ այդ «լավ ապրելու» մոլուցքին ենք զոհաբերում: Արցախը զոհաբերեցինք «լավ ապրելու» համար, հիմա էլ Հայաստանն ենք զոհաբերում: Խաղաղություն են ակնկալում մի մարդուց, որը հոգնակիով պատերազմներ է բերել մեր երկիր: Պետության, պետականության, հայրենիքի ու երկրի զգացողությունը չկա: Սա է ամենասարսափելին»: Երբ հարցնում եմ՝ իսկ ի՞նչը կամ ո՞վ պետք է լինի հասարակությանն իր հետևից տանողը, բանաստեղծն արձագանքում է՝ իշխող քաղաքական էլիտան պետք է առաջնորդի մարդկանց՝ նրանց գաղափարներ ներարկելով:
«Ալիևն իր ցեղախմբից ժողովուրդ է սարքել, մենք հակառակ իրավիճակում ենք հայտնվել: Հիմա պետականությունը կորցնելու վտանգն ենք զգում, բայց, կարծես, դա մարդկանց չի հուզում: Պետք էր ամեն ինչ մի կողմ դնել, զգոն լինել ու տեր կանգնել երկրին: Իշխանությունը գիտակցաբար տանում է կործանման մեր պետությունը: Բոլոր քայլերը գիտակցաբար են արվում՝ Արցախի հայաթափումը և կորուստը, Հայաստանի մասնատումը»: Նրա խոսքով, ժողովուրդն է որոշում կայացնողը, բայց մեր ժողովուրդը հանդուրժում, ներում կամ չի նկատում այնպիսի բաներ, որոնք եթե տեղի ունենային նախորդ իշխանությունների օրոք, ավեր կաներ, դժգոհության ձայն կբարձրացներ:
«Գուցե այն ժամանակ ոգին էր բարձր, գուցե կոտրված չէր, երկիր պահելու, պետություն ունենալու զգացողությունն ավելի ընդգծված էր: Գուցե այս վեց տարվա մեջ դա մեր մեջ մեռավ: Այս բոլոր գործոնները, կարծես, գալիս են ու մեկտեղվում՝ մի ժողովուրդ է, որը պարզապես չի ուզում ապրել: Նա կյանքի բանաձևը շփոթել է մահվան բանաձևի հետ: Երբ մարդը վտանգ է զգում, հասկանում է, որ տունը փլվելու է իր գլխին, մի բան անում է, որ դա կանխի, որ ինքը չմեռնի: Բայց այսօր մի իրավիճակում ենք, երբ դա էլ չենք անում: Պարբերաբար ասում ենք, որ Սրբազան շարժումը գուցե մեր վերջին շանսն է: Մտածում եմ, որ հույս կա, բայց նաև պատերազմի կանխատեսումներն են հաճախ համակում ինձ ու բոլորիս, երբ ընդհանուր տեղեկատվական հոսքերին ենք հետևում»:
Բանաստեղծը հիշեցնում է՝ մեզ ոչ ոք չի պաշտպանելու, մենք մեզ պետք է կարողանայինք պահել ու պահպանել: «Մարդիկ, կարծես, խլացած, բթացած վիճակում լինեն, հիպնոսի մեջ: 2020 թ.-ին եղավ պատերազմ, չորս տարի չենք կարողանում նոկդաունից դուրս գալ: 2020 թ.-ի նոյեմբերի 9-ին պետք է քշեինք սրանց: Դա էր ճիշտ լուծումը: Լավ, գոնե 2021 թ.-ին չընտրեին սրանց:Քո թշնամիներն ու դաշնակիցները տեսնում են, որ ժողովուրդը կամք չի դրսևորում, կարծես չի ուզում ապրել, մահվան ճանապարհ է ընտրել: Քո դաշնակիցներն ասում են՝ բա մենք ի՞նչ անենք: Ռուսներին են մեղավոր կարգում, այն մյուսին մեղադրում»: Հայաստանի իշխանությունները մեր երկրի ապագան փորձում են կապել Եվրոպայի, Արևմուտքի հետ: Բայց մեզ այնտեղ սպասո՞ւմ են, մեզ դիտարկո՞ւմ են որպես գործընկեր պետություն:
«Եվրոպա, Եվրամիություն են գոռում ու գոչում, բայց թող շուրջբոլորը նայեն, թե ինչի մեջ են իրենք: Մեղմ ասած, գլխացավանք ես Եվրոպայի համար: Բոլոր դաշնակիցներիդ հետ հարաբերություններդ փչացնում ես, քո բարեկամների հետ քո թշնամիներն են դաշինք կնքում, իսկ դու սկսում ես մեկուսանալ: Գնում ես Եվրոպա, բայց չես կարող հինգ րոպեում մի դուռը փակել և մյուսը բացել ու ներս գնալ: Դա երկարատև ընթացք է, դու քո այս օրը պետք է կարողանաս նախ կառավարել: Չպետք է կորցնեիր Արցախը: Եվրոպան ընդամենը մեկ բան է ուզում՝ տարածաշրջանում թուլացնել ռուսական ազդեցությունը և վերջ: Արցախում ռուս խաղաղապահներ չկան, նաև ամեն ինչ անելու են, որ Հայաստանում ռուսական ռազմաբազա չլինի: Ի՞նչ են անում այս իշխանությունները, փոխանակ նստեն և խոսեն նույն Ռուսաստանի հետ, խոսեն նաև խնդիրների մասին, սկսում են հարաբերությունները բոլոր հնարավոր տարբերակներով փչացնել:
Իրանն ասում է՝ թույլ չեմ տա սահմանի փոփոխություն, փոխարենն Իրանի հետ հարաբերություններն ամրապնդեն, որևէ կերպ չեն արձագանքում նրա որևէ առաջարկին: Մենք մեզ տանում ենք կործանման, ուրիշներին էլ ասում ենք՝ եկեք, մեզ փրկեք: Կարծես մեր ժողովրդի խելքի բանը չէ պետություն և պետականություն ունենալը, այս առաջնորդները մեզանից են ծնվում, նիկոլները և մյուսները մեզանից են ծնվել: Ժողովուրդը տեսնի, որ իրեն տանում են կործանման, ավեր ու արյուն է շուրջբոլորը, ասի՝ խաղաղությո՞ւն են բերում»: Նրա խոսքով, ժողովրդի ընդվզումն է պետք, չնայած, երբ ընդվզում է, ընդդիմանում է բոլոր տեսակի առաջնորդներին: «Վախենամ՝ վաղն Աստված էլ երկնքից իջնի ու որոշի առաջնորդել այս ժողովրդին, նա կմերժի նրան»: Խնդրի լուծման արմատները նա կրթական համակարգում է տեսնում:
«Մեր դպրոցական տարիներին մեր հերոսները եղել են բարոյապես բարձր որակներով օժտված մարդիկ: Իսկ նախորդ մի քանի տասնյակ տարվա ընթացքում հերոսները դարձան օլիգարխները: Երեխաների դաստիարակության հիմքում սկսեցին դնել լավ ապրելու միտքը: Ու ամենակարևոր արժեքները հետին պլան մղվեցին: Իր կրթության, դաստիարակության ընթացքում մարդը պետք է իմանա, թե որոնք են իր սրբությունները, արժեքները, պահի ու պահպանի դրանք: Բնականաբար, եթե դա չկա, տեղում ունայնություն է գոյանում, իսկ դրա արդյունքը պետք է սա լիներ: Տարիների աշխատանք է պետք մարդկանց հոգեբանությունը փոխելու համար: Հիմա մեր ողնաշարը կոտրված է, թշնամին էլ անընդհատ հարվածում է, քանի որ հարմար պահ է իր համար: Շատ մշուշոտ է նաև այն մարդու համար, ով ցանկանում է պատասխանատվություն ստանձնել ինչ-որ բան փոխելու: Ի՞նչ պետք է անի՝ բանակը զինի, սահմաններն ամրապնդի, տնտեսությունը ոտքի կանգնեցնի...»:
Այս իշխանությունը կարծես հատում է բոլոր հնարավոր կարմիր գծերը: «Իշխանության ղեկավարն ասում է՝ եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ու որևէ մեկը չի ընդդիմանում սրան, որևէ մեկը չի ըմբոստանում: Ասում է՝ եկեք Ցեղասպանության զոհերին հաշվենք, դա այլանդակ սրբապղծություն է: Հիմա էլ ասում է՝ հաշվենք՝ աշխարհում տասը միլիոն հայ կա՞, թե՞ ոչ: Արժեքները պղծում է, բայց ձայն հանող չկա: Ներվ չո՞ւնի այս ժողովուրդը, որին կպնում է: Պետք է ընդամենը նորմալ երկիր ունենալ, բարեկամի հետ բարեկամություն անել, թշնամու հետ վարվելու ձևն իմանալ, ոչ թե նստել ու սպասել, թե վաղը թշնամին էլ ինչ է պարտադրելու քեզ: Թշնամին ուժեղ ու խելացի չէ, մենք ենք թույլ ու հիմար, թշնամին մեզ չի կործանում, մենք ենք մեզ կործանում: Յաթաղանը տվել ենք թուրքի ձեռքը, ասում ենք՝ մեզ մորթի»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում