Վճռաբեկ դատարանի նախագահի և ամուսնու հայտարարագրերը չեն համապատասխանում․ «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը պաշտոնին նշանակվել է 2021 թվականի փետրվարին։
Մինչեւ Վճռաբեկի նախագահ դառնալը Թադևոսյանը եղել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր, ապա նախագահ:
Լիլիթ Թադևոսյանի ամուսինը Վահագն Գրիգորյանն է, ով Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալն է և պաշտոնի է նշանակվել 2023 թվականի մարտին։ Ամուսինը կնոջ մասին ոչ մի տվյալ չի ներկայացրել հայտարարագրում, այնինչ կինը հայտարարագրել է ամուսնու տվյալները, սակայն նշել է նախկին աշխատավայրը՝ Երևանի քաղաքապետարան, աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ։
Հետաքրքիր է` այս փաստը վրիպե՞լ է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աչքից, թե՞ պարզապես հաշվի չի առնվել։ Կպարզենք:
Շարունակելով Թադևոսյանի հայտարարագրի ուսումնասիրությունը` նշենք, որ նա հայտարարագրել է 2 անշարժ գույք՝ 1 միանձնյա սեփականությամբ հողամաս և 1 բնակարան բազմաբնակարան շենքում` համատեղ սեփականությամբ։
Հողամասը գտնվում է Արաբկիր վարչական շրջանում, այն Վճռաբեկ դատարանի նախագահը նվիրատվություն է ստացել 2022 թվականին։ Իսկ բնակարանը ձեռք է բերվել 2013 թվականին, կրկին Արաբկիր վարչական շրջանում։