Bloomberg. Ադրբեջանը սրում է հակամարտությունը Ֆրանսիայի հետ Հայաստանի պատճառով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանը սրում է Ֆրանսիայի հետ հակամարտությունները, որոնք ծավալվում են խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆրանսիական տարածքներում, Կարիբյան ավազանում և Լատինական Ամերիկայում այն զենքի պատճառով, որը Փարիզը մատակարարում է Հայաստանին, գրել է Bloomberg գործակալությունը, գրում է rossaprimavera.ru–ն։
«Ֆրանսիան, որտեղ բնակվում է երրորդ ամենամեծ հայկական սփյուռքը, վերջերս ստորագրել է սպառազինության նոր պայմանագիր Երևանի հետ: Ակնկալվում է, որ Փարիզը կպահպանի ռազմական աջակցությունը Հայաստանին անկախ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից»,- գրել է գործակալությունը։
Հակառակ Հայաստանին տրամադրված Ֆրանսիայի օգնությանը, Ադրբեջանը որոշել է աջակցել ֆրանսիական տարածքներից՝ Ֆրանսիական Պոլինեզիայից և Նոր Կալեդոնիայից եկած ակտիվիստների խմբերին, որոնք հանդես են գալիս Փարիզից իրենց պետության անկախության օգտին: Բաքվի նախաձեռնող խումբը, որը կապված է Ադրբեջանի կառավարության հետ, հանդես է գալիս Ֆրանսիայից հեռու գտնվող այդ տարածքներում Փարիզի կառավարման դադարեցման օգտին: «Այսօր ամբողջ աշխարհը տեսնում է, թե ինչ է անում ֆրանսիական պետությունն այդ գաղութացված տարածքներում», - հարցազրույցում ասել է խմբի ղեկավար Աբբաս Աբասովը։
Բաքվի և Փարիզի միջև վեճը գագաթնակետին է հասել Նոր Կալեդոնիա արշիպելագում, որտեղ Մակրոնն անցած ամիս չեղյալ հայտարարեց վիճահարույց ընտրական բարեփոխումները անկախության կողմնակիցների անկարգություններից հետո:
Հայաստանն ու Ադրբեջանը փորձում են խաղաղության համաձայնություն ձեռք բերել երկարաժամկետ հակամարտությունը դադարեցնելու համար, սակայն Բաքուն բազմաթիվ պահանջներ է ներկայացնում Երևանին մեղադրելով նրան ղարաբաղյան պատերազմում պարտվելուց հետո ռևանշիստական տրամադրությունների մեջ։
«Ադրբեջանը վրդովված է Հայաստանին Ֆրանսիայի զենք մատակարարելուց և կտրուկ է արձագանքել», - ասել է Անդրկովկասի հարցերով փորձագետ Զաուր Շիրիևը։ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆրանսիական տարածքներում Ադրբեջանի գործողություններն ակնհայտորեն բացասական են Ֆրանսիայի համար, ասել է իրավիճակին ծանոթ մի պաշտոնյա: Ադրբեջանցիները փորձում են ստիպել Ֆրանսիային դադարեցնել կամ նվազեցնել աջակցությունը Հայաստանին, ասել է պաշտոնյան, ով հարցի զգայունությունից ելնելով խոսել է անանունության պայմանով։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը