Երևանի միամիտ խաբկանքը, Թուրքիայի հետ ընկերության փորձը վատ ավարտ կունենա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀարավային Կովկասի քաղաքական դաշտը ալեկոծվում է Հայաստանի դիվանագիտական անսպասելի քայլերից։ Ադրբեջանի գլխավոր դաշնակից Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին պաշտոնական հայտարարությունները բուռն քննարկումների տեղիք են տվել ինչպես տեղի քաղաքագետների շրջանում, այնպես էլ միջազգային ասպարեզում, գրում է Tsargrad.tv-ն։ Նման քայլերի շարժառիթներն ու հնարավոր հետևանքները հասկանալու համար անհրաժեշտ է դրանք դիտարկել Հայաստանի ղեկավարության ներկայիս քաղաքական գործընթացների և ռազմավարական նպատակների համատեքստում, կարծում են փորձագետները։
Մի կողմից ակնհայտ է այն, որ Հայաստանի կառավարության յուրաքանչյուր նոր գործողություն հանգեցնում է ինքնիշխանության և արտաքին դերակատարներից կախվածության հետագա նվազմանը, ասել է միջազգային լրագրող Թիմուր Շաֆիրը, մյուս կողմից այդ բոլոր քայլերը կարծես թե Հայաստանին Ռուսաստանի ազդեցությունից հեռացնելու և Անդրկովկասում Արևմուտքի նոր հիմնարար ֆորպոստ ստեղծելու ռազմավարության մասն են կազմում։ Այդ համատեքստում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ավելի մեծ աշխարհաքաղաքական հանելուկի մի մասն է թվում: «Հայաստանի ղեկավարությունը Թուրքիան դիտարկում է որպես Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու հնարավոր լծակ։ Թերևս հույս ունի, որ Անկարայի հետ սիրախաղը թույլ կտա ավելի ակտիվորեն լոբբինգի ենթարկել սեփական շահերը Բաքվի հետ բանակցություններում: Սակայն նման սպասումները, մեղմ ասած, մանկամիտ են թվում։ Թուրքիան, լինելով Ադրբեջանի գլխավոր դաշնակիցը, դժվար թե պատրաստ լինի զոհաբերել իր ռազմավարական շահերը, որպեսի բավարարի հայկական պահանջները»,- կարծում է փորձագետը։
Բացի այդ, Հայաստանը կրկին մտնում է «բազմավեկտոր» քաղաքականության սայթաքուն ճանապարհը փորձելով խաղալ ՆԱՏՕ-ի այնպիսի անդամ երկրների հակասությունների վրա, ինչպիսիք են Թուրքիան և Ֆրանսիան։ Փաշինյանի ներկայիս կաբինետն ակնհայտորեն Փարիզն է տեսնում որպես իր գլխավոր դաշնակից առաջիկա տարիներին։ Սակայն նման ռազմավարությունը հղի է լուրջ ռիսկերով։ Հայաստանը մի կողմից փորձում է մերձենալ Թուրքիայի հետ, իսկ մյուս կողմից ամրապնդել հարաբերությունները Անկարայի հետ բարդ հարաբերություններ ունեցող Ֆրանսիայի հետ։ «Հակասությունների վրա խաղալու» այդ փորձը կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանը կարող է հայտնվել մուրճի ու սալի արանքում` ի վերջո չստանալով էական առավելություններ ոչ մի կողմից: «Միևնույն ժամանակ, Հայաստանն այդպիսով ազդանշան է ուղարկում Միացյալ Նահանգներին Կենտրոնական Ասիայից անդրթուրքական միջանցք ստեղծելու ծրագրերին աջակցելու պատրաստակամության մասին։ Այդ միջանցքը կդառնա այլընտրանք Ռուսաստանով և Չինաստանով անցնող երթուղիներին, ինչը չափազանց կարևոր է Արևմուտքի համար ներկայիս աշխարհաքաղաքական լարվածության համատեքստում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանը սկսում է արևմտյան կուրատորներից ավելի ու ավելի անկախ քաղաքականություն վարել, Հայաստանի կարևորությունը Միացյալ Նահանգների և Եվրոպայի համար մեծանում է։ Սակայն նման գործողությունները հակասում են Ռուսաստանի և Չինաստանի շահերին, ինչն էլ ավելի է բարդացնում և լարում իրավիճակը»,- նշել է Շաֆիրը։
Ըստ փորձագետի` Նիկոլ Փաշինյանը և իր կաբինետը վստահ են, որ փայլուն ու բարդ խաղ են խաղում գործընկերների մի ամբողջ խմբի հետ` մոռանալով, որ նրանցից յուրաքանչյուրը գերազանցում է Հայաստանին տնտեսական, դիվանագիտական և ռազմական պարամետրերով։ Եվ նման ռազմավարության հաջողությունը շատ կասկածելի է հաշվի առնելով այն դժվարություններն ու հակասությունները, որոնց պետք է դիմագրավի Հայաստանի ղեկավարությունը: Նման խաղն ավելի ու ավելի է հիշեցնում լարախաղացությանը անդունդի վրա: Ցանկացած սխալ քայլ կարող է աղետալի հետևանքների հանգեցնել հենց հանրապետության համար։ Հայաստանը ռիսկի է դիմում` կորցնելով ինքնիշխանությունը և ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողությունը, հայտնվել մի իրավիճակում, երբ ամբողջովին կախված կլինի ավելի ուժեղ խաղացողների կամքից։
Հայաստանն այժմ մեկուսանում է բոլոր երկրներից` հանուն Արևմուտքի շահերի, նա բացասական դեր է խաղում տարածաշրջանում, բայց եթե միանա տարածաշրջանային նախաձեռնություններին, ապա կկարողանա լուծել իր խնդիրները, կարծում է թուրք քաղաքագետ Մեհմեդ Փերինչեքը։ «Հետևաբար, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը լավ է Երևանի և տարածաշրջանի համար։ Բայց նման կարգավորումը պետք է ծառայի Երևանին արևմտյան հովանավորությունից ազատվելու համար։ Իսկ եթե դա ամրապնդում է Արևմուտքի դիրքերը մեր տարածաշրջանում, ապա, իհարկե, դա բացասական է։ Այժմ Թուրքիան ռազմավարական հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, լավ հարաբերություններ Իրանի հետ և, իհարկե, նաև Ռուսաստանի հետ։ Կա «երեք գումարած երեք» հարթակը: Եվ եթե Թուրքիայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը կարող է նպաստել այդ հարթակում Երևանի դիրքորոշմանը, ապա, իհարկե, դա ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին։ Բայց ինքը՝ Արևմուտքը, չի ցանկանում տարածաշրջանում կայունացում, նորմալացում»,- նշում է թուրք քաղաքագետը։
Քանի որ, ըստ նրա, (Վաշինգտոնում) կորցրել են տարածաշրջանային գործերին միջամտելու բոլոր գործիքները, ապա նման կարգավորումը կխանգարի տարածաշրջանում քաոս ստեղծելու Արևմուտքի ծրագրերին։ Հետևաբար, Հայաստանի համար լավագույնն է զարգացնել «երեք գումարած երեք» հարթակը։ Եվ դրանով իսկ նպաստել տարածաշրջանային ինտեգրմանը միանալուն: «Դա կնշանակի, որ Հայաստանը կարող է ազատվել Արևմուտքից։ Եվ մենք պետք է աջակցենք այդ գործընթացին։ Բայց այդ գործընթացը պետք է կապել «երեք գումարած երեք» հարթակի զարգացման հետ»,- ընդգծել է թուրք քաղաքագետը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը