Ողբերգական պատահարը երեք երեխայի կյանք է խլել Ավստրալիայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրեք երեխաներ զոհվել են Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի արեւմտյան հատվածում գտնվող տներից մեկի հրդեհի հետեւանքով։ Այս մասին հայտնում է Նոր Հարավային Ուելսի ոստիկանությունը։ Երեխաներից մեկը եղել է աղջիկ՝ ինը ամսեկան, մյուս երկուսը՝ տղա՝ երկու եւ չորս տարեկան։ Զոհված երեխաների ինքնությունը դեռ պարզված չէ։ Համաձայն ոստիկանական ամփոփագրի, տեղի ունեցածը որակվել է որպես կենցաղային հողի վրա կատարված սպանություն։ Հրդեհը տեղի է ունեցել Ֆրիմեն-սթրիտում, տեղի ժամանակով, գիշերվա 1-ին։ Ոստիկանությունում կասկածում են, որ տեղի ունեցածը միտումնավոր հրկիզում է, քանի որ դեպքի վայր ժամանելով, իրավապահները եւ հրշեջները հանդիպել են քսանութամյա մի տղամարդու, ով փորձել է խանգարել փրկարարական եւ հրդեհաշիջման աշխատանքներին։
Ոստիկանները վստահ են, որ տղամարդու արարքները միտում են ունեցել երեխաներին որքան հնարավոր է երկար պահել հրո ճարակ դարձած տանը։ Տղամարդը եւս տեղափոխվել է հիվանդանոց։ Նա հիմա գտնվում է արհեստական կոմայի մեջ՝ ոստիկանության հսկողության ներքո։ Դեպքի հետեւանքով նաեւ մի քսանիննամյա կին է հոսպիտալացվել, ում մոտ ծխահարումից թունավորման ախտանշաններ կան։