Թուրքիայի արտգործնախարար Ֆիդան. Անկարան դժգոհ է Կովկասում Արևմուտքի քաղաքականությունից
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԹուրքիային չի բավարարում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման արևմտյան մոտեցումները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ադրբեջանում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության արտգործնախարարների հանդիպման ժամանակ, գրում է rambler.ru-ը։
«Մեզ չի գոհացնում որոշ արևմտյան երկրների անհավասարակշիռ վերաբերմունքը, որոնք բացահայտորեն նախապատվությունը տալիս են Հայաստանին և անտեսում Ադրբեջանի մտահոգությունները»,- ընդգծել է Թուրքիայի արտաքին քաղաքականության վարչության պետը։
Ինչպես նշել է Ֆիդանը, Անկարան բարձր է գնահատում Ադրբեջանի «վճռականությունը և դրական մոտեցումը» Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման հարցում։ Մինչ այդ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը պատրաստ է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների մակարդակը հասցնել ռազմավարական գործընկերության։
Փաշինյանի խոսքով երկրները հանձնառու են զարգացնել համագործակցությունը ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում և ամրապնդել տնտեսության կայունությունը։ Երկու պետությունների այդ հանձնառությունը, նշել է ՀՀ կառավարության ղեկավարը, «արտացոլված է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական երկխոսությունը ռազմավարական գործընկերության մակարդակի հասցնելու հայեցակարգում»։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը