Էրդողանն ու Օրբանը հանդիպել են Վաշինգտոնում․ ի՞նչ է քննարկվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ:
Ինչպես հաղորդում է Թուրքիայի նախագահի գրասենյակը, երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ:
Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ Անկարան շարունակում է իր խաղաղ ջանքերը Ուկրաինայում և Գազայի հատվածում հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ:
Կողմերն ընդգծել են այդ տարածաշրջաններում խաղաղության հաստատման համար միջազգային հանրության ջանքերի ակտիվացման կարևորությունը:
Էրդողանը նաև նշել է, որ Անկարան աջակցություն է ակնկալում Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության և ԵՄ խորհրդում Հունգարիայի նախագահության շրջանում ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման գործընթացում:
Օրբանն իր հերթին գրառում է կատարել X սոցիալական ցանցում՝ նշելով, որ Էրդողանը «կարևոր գործընկեր է մեր խաղաղ առաքելության մեջ»։
Նրա խոսքով՝ Թուրքիան միակ երկիրն է, որը հաջողությամբ որպես միջնորդ է հանդես եկել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև:
Նշենք, որ ավելի վաղ վարչապետ Օրբանը «խաղաղ առաքելությամբ» այցելել էր Ուկրաինա, Ռուսաստան և Չինաստան: