Ես գոնե հայկական բանտում եմ, Արցախի ղեկավարությունը՝ Բաքվի, իմ պատմությունը նրանց մոտ խամրում է. Արմեն Աշոտյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻմ պայքարն ու նույնիսկ իմ կալանավորումը երբեք անձնական չեմ համարում։ Այս մասին դատական նիստի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Իմ պայքարը բացարձակ անձնական չէ, հետևաբար, դրան հետևած կալանքը ևս անձնական չեմ դիտում։ Այս 400 օրը, որ գտնվում եմ կալանքի մեջ, ոչ թե իմ անձնական կալանքի օրերն են, այլ՝ Արցախի կորստի, Արցախի հայաթափման, Տավուշի 4 գյուղերի հանձնման օրեր էին։ Երկիրն ապրում է այլ կարևոր երևույթներով։ Բոլոր դժվարություններով հանդերձ՝ իմ և իմ ընտանիքի անձնական պատմություններն իրականում խամրում են այն ամենի համեմատ, ինչ տեղի է ունեցել և տեղի է ունենում մեր երկրում»,- հայտարաեց Աշոտյանը։
Նա նշեց, որ գոնե ինքը հայկական բանտում է նստած, Արցախի ղեկավարությունը՝ ադրբեջանական և որ իր պատմությունը նրանց մոտ խամրում է։
«Իմ երեխաներն այս պահին զրկված են հորից, բայց ես, գոնե, բանտում եմ, ոչ թե՝ գերեզմանոցում, ինչպես պատերազմի հետևանքով շատերը։ Ես կտրված եմ տնից, բայց, փառք Աստծո, այնտեղ ուրիշ մարդ չի բնակվում։ Որքան էլ դժվար է իմ ու իմ ընտանիքի համար, այս ամենը խամրում է ողբերգական խնդիրներ ունեցող հարյուր հազարավոր իմ հայրենակիցների կողքին», -ասաց Աշոտյանը։
Նրա խոսքով՝ իր մեղադրանքի հիմքում փաստեր չկան:
«Ոչ մի փաստ չկա այն մասին, որ ես խոչընդոտել եմ գործի քննությանը: Հիմնական վկայի հարցաքննություն եք սկսել, հիմնական վկայի, որի զրույցների հիման վրա ինձ նստեցրել են: Վկան ներկայացել է դատարան փաստաբանով, ես առաջարկում եմ, որ ՔԿ-ն անպայման ճշտի, թե ո՞վ է այն մարդը, որ Կարեն Հակոբյանին խորհուրդ է տվել գալ փաստաբանի հետ», - ասաց նա:
Աշոտյանը հայտարարեց, որ իրեն մեղադրում են նրանում, թե այդ վկային փաստաբան է առաջարկել:
«Այդ մարդն առանց փաստաբանի էր ուզում գնալ դատարան, եկավ, ասեց՝ ես փաստաբանով եմ եկել, որովհետև խնդիրներ կարող են լինել իր անձի հետ կապված: Գտե՛ք այդ մարդուն, ով իրեն խորհուրդ է տվել փաստաբանով գալ և բերեք իմ կողքը նստեցրեք: Այսինքն, ինձ մեղադրում են մի բանում, որը վկան արել է»,- ասաց նա: