Նիկոլական Հայաստանը ոչ միայն չմնաց Սերժ Սարգսյանի թողած դիրքում, այլև քայլեց հակառակ ուղղությամբ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին, ներկայացնում է 168․am-ը։
Քաղաքացի Սիլվի Պողոսյանը նրան հարցրել է.
«Չինաստանն ակտիվացել է մեր տարածաշրջանում, վերջերս էլ նոր պայմանագիր ստորագրեց Ադրբեջանի հետ։ Ի՞նչ ազդեցություն այն կունենա Հայաստանի վրա»:
Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է. «Փաստացի մեկ տարվա ընթացքում Հարավային Կովկասի 3 պետություններից երկուսը՝ Վրաստանն ու Ադրբեջանը, ռազմավարական բնույթի փաստաթղթեր ստորագրեցին Չինաստանի հետ, իսկ նիկոլական Հայաստանը ոչ միայն չմնաց Սերժ Սարգսյանի թողած դիրքում, այլև ակնհայտ քայլեր արեց հակառակ ուղղությամբ (մտավ հակաչինական դաշինք, արհամարհեց «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գագաթնաժողովները և այլն):
Այնինչ Չինաստանը ոչ միայն հզորագույն տնտեսություններից և ամենաազդեցիկ գեոպոլիտիկ խաղացողներից մեկն է, այլև մեր բնական դաշնակիցը պանթուրքիզմի դեմ։
Ուշադրություն դարձրեք հետևյալ զարգացումների վրա։ Որքան էլ Եվրոպա-Չինաստան առևտրային ուղիների քողի ներքո Թուրքիան և Ադրբեջանը փորձեն մատուցել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», չինական ներդրումներն այս պահին գնացին այլ ուղղությամբ։ Չինաստանը գնեց Սև ծովի ափին Վրաստանում Անակլիա նավահանգիստը, որի վերակառուցումից հետո օգտագործվելու է Եվրոպայի և Չինաստանի միջև լոգիստիկան ապահովելու համար։
Անակլիա նավահանգստով Չինաստանը գործնականորեն հարված հասցրեց պանթյուրքիստական միջանցքին»: