ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը երկրում հակաժողովրդավարական փոփոխությունների ապացույցներ չի ներկայացրել. Վրաստանի վարչապետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ իր հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան երկրում հակաժողովրդավարական փոփոխությունների կոնկրետ ապացույցներ չի ներկայացրել, հայտնել է NewsGeorgia-ն։
«Նախօրեին շատ հետաքրքիր բարեկամական հանդիպում ունեցանք։ Քննարկեցինք բոլոր հարցերը։ Ես չեմ լսել ոչ մի կոնկրետ կետ, թե վերջին շրջանում Վրաստանում ինչ հակաժողովրդավարական փոփոխություններ են արվել»,- հայտարարել է Կոբախիձեն։
Վրաստանի վարչապետը շեշտել է, որ ինքը Զեյային հարցեր է տվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վերաբերյալ, որը Վաշինգտոնում բնորոշում են իբրև հակաժողովրդավարական և Կրեմլից ոգեշնչված, սակայն ի պատասխան «ընդհանուր գնահատական է լսել՝ առանց որևէ փաստարկի և առանց որոշակիության»։
«Ես նրան խնդրեցի հետագայում հստակ մեկնաբանություններ տալ այդ օրենքի վերաբերյալ, այլապես մեզ համար դժվար կլինի ընդհանուր մեկնաբանություններին պատասխանել», - ընդգծել է Կոբախիձեն:
Ըստ նրա՝ Թբիլիսիում «սպասում են» հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԱՄՆ քայլերին։ Նա հավելել է, որ իրենք ցանկանում են հնարավորինս խորացնել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, ինչի մասին Վրաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են։
«Մեր կողմից մենք բացարձակապես բաց ենք։ Գլխավորն այն է, որ մենք հակաքայլեր ենք տեսնում»,- նշել է Կոբախիձեն։
Հուլիսի 11-12-ը Թբիլիսի այցելած քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան հանդիպումներ է ունեցել Վրաստանի խորհրդարանի անդամների, նախագահի, վարչապետի, իրավապաշտպանների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։
Թբիլիսի այցի ավարտին դիվանագետը հայտարարել է, որ ԱՄՆ-ը խիստ անհանգստացած է երկրի ինտեգրումը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին խաթարող Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողություններով։ Զեյան հավելել է, որ իշխող կուսակցության առաջնորդները ապատեղեկատվություն են տարածում ԱՄՆ-ի և այլ գործընկերների մասին, և դա «ծառայում է միայն թշնամիների շահերին»։
Հիշեցնեք՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը այսօր ժամանել է Հայաստան։