Իշխան Սաղաթելյանը ԵԽ-ում անդրադարձել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակմանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հուլիսի 23–ին Եվրոպական խորհրդարանում հանդիպումներ է ունեցել ԵՄ օրենսդիր իշխանության մի շարք ներկայացուցիչների հետ։ Հայտնում են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակից:
Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական խմբի անդամ Լուկաս Ֆուրլասի, Սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի անդամ Կոստաս Մավրիդեսի, Եվրոպայի պահպանողականների և կոնսերվատիվների քաղաքական խմբի անդամ Չարլի Վայմերսի հետ հանդիպումների ընթացքում Սաղաթելյանը շնորհակալություն է հայտնել խորհրդարանականներին Հայաստանին ու Արցախին առնչվող խնդիրների վերաբերյալ տարիներ շարունակ դրսևորած սկզբունքային դիրքորոշման համար:
Իշխան Սաղաթելյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Հայաստանին ուժի սպառնալիքով միակողմանի զիջումների պարտադրման շարունակական քաղաքականության անընդունելի լինելու հանգամանքը ներկայացնելով տարածաշրջանի համար նման քաղաքականության ապակայունացնող ազդեցությունները:
Հատուկ անդրադարձ է կատարվել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման խնդրին այդ հարցում կարևորելով Ադրբեջանի վրա միջազգային ճնշում բանեցնելու անհրաժեշտությունը:
Քննարկվել են Ադրբեջանում կայանալիք COP-29 համաժողովին միջազգային պատվիրակությունների մասնակցությանը վերաբերող հարցեր։
Պատգամավորները քննարկել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) ամբողջական կիրառման անհրաժեշտությանը: