Գերասիմ Վարդանյանը կմնա կալանքի տակ. դատավորը մերժել է միջնորդությունը
ԻՐԱՎՈՒՆՔՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանը մերժել է
ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի խափանման միջոցը փոխելու պաշտպանական կողմի միջնորդությունը։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գերասիմ Վարդանյանի փաստաբան Սոսե Չանդոյանը։
«ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանը որոշեց ՀՅԴ ԳՄ անդամ, քաղբանտարկյալ Գերասիմ Վարդանյանին պահել անազատության մեջ:
Տեղեկացնեմ, որ հատուկ վերանայման բողոքը քննվել է գրավոր ընթացակարգով և մերժվել ամբողջությամբ:
Փաստացի դատավոր Հարությունյանի այս որոշումն ապացույցն է այն բանի, որ միջին ծանրության արարքի մեջ մեղադրվող անձի նկատմամբ անգամ հիմնավոր կասկածի բացակայության պարագայում նրան անազատության մեջ պահելը ողջամիտ է, ավելին` կարելի է անգամ խափանման միջոցը չփոխել՝ անտեսելով բողոքում ներկայացված ծանրակշիռ և հիմնավոր բոլոր հակափաստարկները:
Հատկանշական է, որ Գերասիմ Վարդանյանը հերթական անգամ բանտարկվել և շարունակում է անազատության մեջ մնալ մեր երկրում տեղի ունեցող հերթական քաղաքական ակտիվ զարգացումների փուլում, ակնհայտ է, որ սա նրա քաղաքական գործունեությունը կասեցնելու և լռեցնելու հերթական փորձն է։
Ցավում եմ, որ այս ապօրինի գործընթացի մեջ ներգրավված են, դատաիրավական համակարգի մեր որոշ պաշտոնյաներ։
Հ.Գ. Ամեն դեպքում վստահ եմ, որ Գերասիմի նկատմամբ տեղի ունեցող գործողությունները չեն կարող կոտրել նրան, ինչպես ինքն է ասել. «Ինձ կարող են լռեցնել ու հնազանդեցնել միայն Արցախի ու Հայաստանի ազատությամբ»»,-գրել է փաստաբանը։
Նշենք, որ Վարդանյանը ներգրավված է քրեական վարույթներից մեկում և մեղադրվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին նյութապես շահագրգռելու մեջ։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ակցիայի մասնակիցներին գումար տալու համար։