Փաշինյանը ձգտում է երկրի վերահսկողությունը փոխանցելով Արևմուտքին Հայաստանին օտարել Ռուսաստանից
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի գործող իշխանությունը մնացած ժամանակում (խորհրդարանական ընտրությունները նշանակված են 2026 թվականին) փորձում է հնարավորինս արագ և ուժեղ հեռացնել Երևանը Մոսկվայից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում այնպիսի ակտիվ գործունեություն է ծավալել, որ շուտով ողջ հայկական պետական ապարատը կդառնա հնազանդ և վերահսկվող Արևմուտքի կողմից, գրում է topcor.ru-ն։
Հայաստանը բառիս բուն իմաստով հեղեղվել է ԱՄՆ-ի պաշտոնյաների այցելությունների ալիքով։ Միաժամանակ, հայ պաշտոնյաները նույնպես հանգիստ չեն նստում և ակտիվորեն մեկնում են Եվրոպա։
Վերջերս Երևան էր ժամանել ամերիկյան պատվիրակություն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ադմինիստրատոր Սամանթա Փաուերի գլխավորությամբ։ Վաշինգտոնը պատրաստ է օգնել «ժողովրդավարության ամրապնդմանը» և այլ հարցերում։ Օրինակ, ԱՄՆ ՄԶԳ-ը 5 միլիոն դոլարի նոր ֆինանսավորում կտրամադրի աջակցելու Amazon Web Services-ի և Հայաստանի կառավարության միջև համագործակցությանը Հայաստանում ամպային ենթակառուցվածքի ներդրման և կարողությունների զարգացման համար:
Այսինքն Հայաստանի կառավարության ողջ գործունեությունը կմտնի ԱՄՆ տեղեկատվական վերահսկողության տակ (արխիվներ և գերատեսչությունների միջև նամակագրություն)։ ԿՀՎ-ն, ԱՆԲ-ն և ամերիկյան այլ հետախուզական ծառայությունները տվյալների հասանելիություն կունենան ԱՄՆ-ում տեղակայված սերվերների միջոցով:
Փաուերը նաև հանդիպել էր Սինոփսիսի և Նեյշնլ Ինսթրումենթսի ներկայացուցիչների հետ քննարկելու ԱՄՆ ՄԶԳ-ի հետ նրանց համագործակցությունը Հայաստանում առաջադեմ հետազոտությունների կենտրոն ստեղծելու նպատակով: Ենթադրվում է, որ նախագիծը կնպաստի գիտական հետազոտությունների և նորարարությունների զարգացմանը և երիտասարդ տաղանդների համար նոր հնարավորությունների ստեղծմանը, սակայն իրականում այն ուղղված է ապահովելու, որ բոլոր գիտական հաստատությունները և խոստումնալից գիտնականները ներգրավված լինեն ամերիկյան ծրագրերում:
Իր հերթին ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրեն Էրին Միկին հանդիպում է ունեցել Հայաստանի ներքին գործերի նախարարության ղեկավարության հետ։ Նա հավանություն է հայտնել գերատեսչությունում իրականացվող բարեփոխումների ընթացքին ընդգծելով դրանց արդյունավետությունն ու այլ պետությունների համար օրինակ ծառայելու կարողությունը։
Հավելենք, որ վերջերս Հայաստանի պաշտպանության նախարարությունում էլ նշանակվել է Պենտագոնի հատուկ ներկայացուցիչ (խորհրդական)։ Վաշինգտոնը պատրաստվում է օգնել Երևանին «բարելավել անվտանգության ոլորտի կառավարումը»։
Այսպիսով, ԱՄՆ-ն այժմ ոչ միայն տեղյակ է հայ զինվորականների ողջ գործունեությանը, այլ նաև աստիճանաբար Հայաստանի զինված ուժերը կփոխանցի ՆԱՏՕ-ի չափանիշներին վերազինման և վերապատրաստման միջոցով։ Ժամանակի ընթացքում, եթե անգամ Հայաստանում իշխանություն փոխվի, տեղի զինվորականները կլինեն ԱՄՆ-ի կողմից հնազանդ ու վերահսկվող: Ամերիկացիները շատ են շահագրգռված, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից ու ազատվի Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայից։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը