Իսրայելը կիբերհարձակում է ձեռնարկել Լիբանանի դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼիբանանի արտաքին գործերի նախարարությունը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Հեռահաղորդակցության միջազգային միությանը` Իսրայելի կողմից երկրի հյուսիսում GPS համակարգի աշխատանքի խափանումներ առաջացնելու կապակցությամբ։ Այդ մասին նշված է Լիբանանի ԱԳՆ հայտարարությունում։
Լիբանանը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին՝ դատապարտել Իսրայելի ձեռնարկած կիբերհարձակումները, ինչպես նաև Հեռահաղորդակցության միջազգային միությունից պահանջել է անհրաժեշտ տեխնիկական միջոցներ ձեռնարկել՝ դրանք կասեցնելու համար, նաև աջակցել Լիբանանին՝ ապահովելու հեռահաղորդակցության համակարգի պատշաճ գործունեությունը։
Լիբանանի ԱԳՆ հայտարարել է նաև, որ իրենց երկրի կապի նախարարությունը բացահայտել է՝ կիբերհարձակումները Իսրայելի հյուսիսից են արվում, միջամտության պատճառով երկրում գրանցվել է GPS համակարգի աշխատանքի վատթարացում, որն էլ ազդել է տրանսպորտի և կապի համակարգերի, երկրի կենսական նշանակության կառույցների և օբյեկտների աշխատանքի վրա։