Փաշինյանը հայտարարեց «Ելք»-ի նախընտրական ծրագրում նոր կետի ավելացման մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵրևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը չի կարծում, որ դաշինքի նախընտրական ծրագրում ավելացած նոր կետը կհամարվի ընտրակաշառք: Փաշինյանը մայիսի 8-ին հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում ավագանիում մեծամասնություն կազմելու դեպքում «Ելք» դաշինքը Երևանի բյուջեում նոր հոդված կավելացնի, որի համաձայն` այն քաղաքացիները, որոնք կհայտնեն, որ իրենց ընտրակաշառք են առաջարկել, սակայն իրենք չեն վերցրել ու ընտրել են դաշինքին, կստանան սոցիալական աջակցություն: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դա չի դիտվի որպես ընտրակաշառք, քանի որ ընտրակաշառքը հանցագործություն է, և իրենք ասուլիս չէին հրավիրի ասելու համար, որ ընտրակաշառք են բաժանելու. այս եղանակով կձերբազատվեն ընտրակաշառքի արատավոր պրակտիկայից: «Երևանի բյուջեում կավելացվի «Սոցիալական աջակցություն ընտրակաշառքին հակադրված քաղաքացիներին» կետը: Դա կլինի օրինական: Քաղաքացիները կստանան 15 հազար դրամի չափով օգնություն, որը կլինի Երևանի բյուջեի ծախսային հոդված»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Փաշինյանը: Հարցին, թե մտավախություն չունե՞ն, որ ԿԸՀ-ն այս առաջարկը կդիտարկի որպես ընտրակաշառքի խոստում, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Թող փորձեն»:
Փաշինյանն ընդգծեց, որ գաղափարը «Ելք» դաշինքի ավագանու թեկնածուների մոտ առաջացրել է քարոզարշավի շրջանակներում բակային հանդիպումների ժամանակ: «Մեր հաղթանակից հետո Երևանի բյուջեի մուտքերն ավելանալու են: Ես կարող եմ տեղերը նշել՝ գույքահարկի թերհաշվառումը կվերացվի և բյուջե մուտքերը կմեծանան»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: