Հեղուկ գազը թանկացել է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀեղուկ գազը նախորդ ամիսների համեմատ վերջին մեկ ամսում կրկնակի թանկացել է։ Եթե մարտ-ապրիլ ամիսներին հեղուկ գազի գինը նվազել էր և հասել էր 80-100 դրամի, որոշ տեղերում անգամ 60-70 դրամով էր վաճառվում, ապա հիմա 200-230 դրամ է դարձել։
MediaHub-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում հեղուկ գազի թերլիցքավորումների մասով, ահազանգած քաղաքացիները բողոքում են․ «Հեղուկ գազի թանկանալուց բացի, լիտրի մեջ էլ են խաբում, վերահսկողություն ընդհանրապես չկա։ Տարբեր տեղեր նույն լիտրով լցնում ենք, բայց ծախսը զգալի տարբերություն է տալիս։ Օրինակ՝ լիցքավորել եմ 13,63 լիտր, 22-րդ կմ-ին գազը վերջացավ։ Մինչև ե՞րբ են այսպես խաբելու»։
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն էլ գրել է. «Մի տեղից լիցքավորում եմ, և քշվում ա 290 կմ, մյուս տեղից լիցքավորում եմ, ու քշվում ա 380 կմ, + մեջը 10 լիտր մնում ա, և պետք է նշել, որ նույն ճանապարհն եմ քշում»:
MediaHub-ը կապ հաստատեց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հետ՝ տեղեկանալու՝ արդյո՞ք ստացել են բողոքներ թերլիցքավորումերի մասին և ի՞նչ են պատրաստվում նախաձեռնել։
«Թերլիցքավորումների հետ կապված բողոքներ ու ահազանգեր տեսչական մարմինը ստանում է պարբերաբար, քանի որ խնդիրը մեր վերահսկողության տիրույթում է գտնվում: Բնականաբար, գրավոր դիմումի առկայության պարագայում՝ սահմանված ընթացակարգով ընթացք ենք տալիս, ստուգում ենք բացում և վերահսկողական աշխատանքներ ենք իրականացնում խնդրի առկայությունը բացահայտելու կամ հերքելու նպատակով»,- ասաց նա։
Ապա ավելացրեց, որ այո, վերջին 2-3 օրվա ընթացքում զանգեր ստացել են թերլիցքավորումների հետ կապված, բայց ոչ մեծաքանակ:
Մեզ մնում է վարորդներին ծով համբերություն մաղթել՝ թե՛ բարձր գներին, թե՛ տնտեսվարողների խաբեություններին դիմանալու համար:
Մարիաննա Արամյան