Al Jazeera. Նախկին ԽՍՀՄ երկրները կորցրել են տարածքներ Արևմուտքի հետ մերձեցումից հետո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի մերձեցումն Արևմուտքի հետ ստիպեց այդ երկրներին կորցնել իրենց տարածքների մի մասը, Al Jazeera-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը, գրում է regnum.ru-ն։
«Հենց Հայաստանը սկսեց թեքվել դեպի Արևմուտք, կորցրեց Ղարաբաղը։ Հիշենք Վրաստանը, հենց որ նա սկսեց թեքվել դեպի Արևմուտք կորցրեց Աբխազիան և Օսիան, իսկ Ուկրաինան նույն կերպ Ղրիմը»,- ասել է նա։
Կարապետյանը նշել է, որ Արևմուտքի հետ Հայաստանի չարդարացված մերձեցումը թուլացրել է երկրի ազգային անվտանգությունը և հանգեցրել է Ադրբեջանի հետ հակամարտության սրմանը։ Նրա կարծիքով արևմտյան գործընկերներն ապակայունացնում են տարածաշրջանը փորձելով ոտք դնել այդտեղ, մինչդեռ Ռուսաստանը միշտ էլ եղել է կայունության կողմնակից։
«Վեց տարվա ընթացքում մենք կորցրել ենք մեր ընկերներին, այնպիսի ռազմավարական գործընկերոջ, ինչպիսին է Ռուսաստանը: Մենք նոր ընկերներ ձեռք չենք բերել: Պատմականորեն մենք միշտ եղել ենք Ռուսաստանի հետ, և այն, որ հայերն այսօր ունեն պետականություն, ուզած-չուզած, բայց միանշանակորեն Ռուսաստանի վաստակն է»,- ասել է պաշտպանության գերատեսչության նախկին ղեկավարը։
Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան դեմ է կովկասյան տարածաշրջանում Արևմուտքի դերի ուժեղացմանը, իսկ Վրաստանն արդեն 15 տարի չի կարողանում մերձենալ Եվրամիության երկրների հետ։
Նշենք նաև, որ ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ Վրաստանի արդյունաբերական ծայրամասերում ապրող մարդիկ ափսոսում են ԽՍՀՄ փլուզման համար և խորհրդային շրջանը համարում են հանրապետության լավագույն ժամանակաշրջանը։ Հրապարակման հեղինակների կարծիքով չնայած վերջին տասնամյակների ընթացքում Արևմուտքի հետ մերձեցման Թբիլիսիի քաղաքականությանը և հանրապետության բնակիչների 60%-ի Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին միանալու ցանկությանը, փոքր քաղաքների բնակիչները նման կոչերը համոզիչ չեն համարում։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, այն վերածվում է հավաքական Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի։ Դիվանագետն ընդգծել է, որ այդ ծրագրերն ակնհայտորեն հակասում են հայ ժողովրդի հիմնարար շահերին։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը