«Ռուսական նորագույն տանկերը կհայտնվեն Ռայխստագի դիմաց»․ Մեդվեդևը պատասխանել է Գերմանիային
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսական նորագույն տանկերը կարող են հասնել Ռայխստագի դիմացի հրապարակ՝ որպես պատասխան Կուրսկի շրջանում գերմանական զրահատեխնիկայի հայտնվելուն։ Այսպես է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը արձագանքել գերմանական Bild-ի հրապարակմանը, որում անդրադարձ է արվում Ռուսաստանի Կուրսկի շրջանի ուղղությամբ Ուկրաինայի նախաձեռնած հարձակմանն ու նշվում․ «80 տարի անց գերմանական տանկերը կրկին ռուսական հողում են»։
«Ի պատասխան՝ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Բեռլինի Ռայխստագի շենքի դիմաց գտնվող Հանրապետության հրապարակ գան ռուսական նորագույն տանկերը»,- X-ի իր միկրոբլոգում այս առնչությամբ գրել է Մեդվեդևը։
Նշենք, որ Bild պարբերականի վերը նշված հրապարակման համաձայն, Կուրսկի շրջանում ուկրաինական կողմը Marder հետևակի մարտական մեքենաներ է օգտագործում։ Հատկանշական է, որ Գերմանիայի իրաավասու պաշտոնյաները չեն հերքել տեղեկությունը, իսկ Բունդեսթագի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Մարկուս Ֆաբերն ասել է, որ ռուսական տարածքի վրա հարձակումներում գերմանական զենք օգտագործելու մեջ ինքը խնդիր չի տեսնում։