Վենեսուելայում արցունքաբեր գազով նռնակներ են նետել երեխաների և ծերերի ապաստարանի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎենեսուելայում ազգային գվարդիայի անդամներն արցունքաբեր գազով նռնակներ են նետել Վենեսուելայի Մարակայբո քաղաքում գտնվող երեխաների և տարեցների ապաստարանի վրա: Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի՝ մայիսի 8-ին, գրում է lenta.ru-ն:
Ուժայինների գործողությունների հետևանքով վնասվածքներ է ստացել մի քանի երեխա: Վիրավորների մասին հստակ տվյալներ չեն հաղորդվում: Նշվում է, որ գազով նռնակը նետվել է այն բանից հետո, երբ ապաստարանի շենքում փորձել են թաքնվել հակակառավարական ցույցերի մասնակիցները:
Associated Press-ն, իր հերթին, հայտնում է, որ ցուցարարների և իրավապահների բախումների պատճառով տարհանվել է Մարակայբոյի հարյուրավոր բնակիչ: Արցունքաբեր գազը կիրառվել է ոչ միայն ապաստարանի մոտ, այլև բնակելի տների, դպրոցների և հիվանդանոցների մոտակայքում:
Վենեսուելայում ճգնաժամը խորացել է ընդդիմադիր խորհրդարանի աշխատանքի մեկնարկից հետո, քանի որ օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև աշխատանքային համագործակցությունն ամբողջովին բացակայում է: