Օվկիանոսներից այն կողմ լեռներ. ամերիկացիներն ավելացրել են իրենց ներկայությունը Հայաստանում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանը բավականին երկար ժամանակ է ինչ գնում է դեպի Արևմուտքի հետ մերձեցման, սակայն այս ամառ նոր միտում է ի հայտ եկել: Եթե նախկինում խոսում էինք քաղաքական և դիվանագիտական փոխգործակցության մասին, ապա այժմ առավել ինտենսիվ է զարգանում ռազմական համագործակցությունը։ Երևանը ամերիկացի ռազմական խորհրդականին թույլ տվեց իր բանակ մտնել, ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններ են անցկացվել, իսկ ՀՀ ԱԳՆ ղեկավարը գնացել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Iz.ru-ն ուսումնասիրել է այն, թե ինչի՞ կարող է հանգեցնել այս մոտեցումը:
Կիրառական քաղաքական հետազոտությունների ինստիտուտի (Հայաստան) գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանը կարծում է, որ ԱՄՆ-ի և Հայաստանի ներկայիս ղեկավարության շահերը համընկնում են։
— Ամերիկացիները ցանկանում են գործարկել «Արևելք-Արևմուտք» տրանսպորտային միջանցքի նախագիծը, որը կկապի Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ՝ շրջանցելով Իրանը և Ռուսաստանը։ Ենթադրվում է, որ հաղորդակցությունը կանցնի Թուրքիայով, Հայաստանով, Ադրբեջանով և Կասպից ծովով։ Դրա համար Երևանը պետք է համաձայնության գա Բաքվի և Անկարայի հետ, և սահմանները տարածաշրջանում բացվեն։ Հայաստանի ղեկավարությունը նախագիծը համարում է գրավիչ, ուստի պատրաստ է նույնիսկ միակողմանի զիջումների գնալ խաղաղություն հաստատելու համար,- ընդգծել է նա։
Քաղաքագետ Արշալույս Մղդեսյանն էլ կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի թիմը փորձում է նոր դաշնակիցներ գտնել։
— Հայաստանի իշխանությունները կարծում են, որ Ռուսաստանի կողմից անվտանգության երաշխիքները չեն գործել, ուստի փորձում են նոր գործընկերներ ներգրավել։ Այստեղ կարելի է հիշել Հնդկաստանից զենք գնելու պայմանագրերը, շփումները Ֆրանսիայի հետ, իսկ հիմա ակտիվացել է երկխոսությունը ԱՄՆ-ի հետ։ Այնուամենայնիվ, դժվար է գտնել երկրորդ Ռուսաստան, չեմ կարծում, որ աշխարհի առաջատար տերություններից որևէ մեկը պարտավորություն կվերցնի պաշտպանելու Հայաստանը,- ասել է նա։
Ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևն էլ ասել է, որ Հայաստանը հետևողականորեն է թեքվում դեպի Արևմուտք։
— Ես կասեի, որ Հայաստանի իշխանությունները աշխարհաքաղաքական աճուրդի են հանել իրենց հանրապետությունը, և դա արվում է Անդրկովկասում Ռուսաստանի դիրքերի թուլացման ֆոնին: Չեմ կարծում, որ այդ աճուրդը որևէ հաջողության կհանգեցնի, դժվար թե ԱՄՆ-ը կամ որևէ այլ մեկը ստանձնի Հայաստանին պաշտպանելու պարտավորություններ: Ամենայն հավանականությամբ, համագործակցություն կլինի առանձին հարցերի և կոնկրետ նախագծերի շուրջ,- բացատրել է նա։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը