Վրաստանի կառավարությունը սեփականատերերից օտարում է հողերը դեպի Հայաստան ճանապարհ կառուցելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի կառավարությունը Մառնեուլիի շրջանի սեփականատերերից հող է օտարում դեպի Հայաստանի սահման Ռուսթավի-Սադախլո նոր ավտոմայրուղու կառուցման համար, գրում է georgiainform.com-ը։
Էկոնոմիկայի նախարարի համապատասխան հրամանը հրապարակվել է հանրապետության Օրենսդիր տեղեկագրում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի կողմից Արևելք-Արևմուտք միջազգային ճանապարհային ծրագրի վարկային համաձայնագրի շրջանակներում: Նոր երթուղին, որն անցնելու է գործող ճանապարհին զուգահեռ, ունենալու է չորս գոտի, իսկ երկարությունը մոտ 30 կիլոմետր, ներառյալ լինելու են 11 կամուրջներ և անցումներ։ Այդ ամենը կարժենա 250 մլն եվրո։
Հրամանի տեքստից կարելի է եզրակացնել, որ մի քանի հողատերեր հրաժարվել են այն վաճառել կամ չեն համաձայնվել առաջարկվող գնին, և այժմ հողամասերի օտարումը տեղի է ունենալու հարկադիր կերպով։ Հրամանում հղում է արվում Վրաստանի Սահմանադրության 19-րդ հոդվածին, ըստ որի գույքի բռնագրավումը թույլատրվում է հանրային հրատապ կարիքների դեպքում և լրիվ ու արդարացի փոխհատուցման պայմանով։
Հրամանում նշվում են Մառնեուլիի շրջանում գյուղատնտեսական հողատարածքների երեք սեփականատերերի անունները, որոնց հողերն անհրաժեշտ են ճանապարհի կառուցման համար՝ Վանո Գոմիաշվիլի, Ռենատ Քերիմով և Նաիբ Ամիրով: Նախարարի հրամանը մեկ ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Թբիլիսիի քաղաքային դատարանի վարչական խորհուրդ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը