Թանկյանը՝ Արցախյան պատերազմի մասին նկարահանվող ֆիլմի երաժշտության հեղինակ
ՄՇԱԿՈՒՅԹՀամաշխարհային ռոք-աստղ Սերժ Թանկյանը հեղինակել է հայ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» լիամետրաժ խաղարկային ֆիլմի երաժշտությունը: Ֆիլմը արցախյան պատերազմի մասին է: «Վերջին բնակիչը» ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Արցախի Խաչմաչ գյուղում։
Ֆիլմը պատմում է ազգամիջյան հակամարտության արդյունքում բռնի տեղահանված, հայաբնակ գյուղում միայնակ մնացած Աբգարի մասին: Աբգարն, ապրելով թշնամական միջավայրում, փնտրում է իր դստերը: Վերջինս հոգեկան խանգարում է ստացել՝ տեսնելով, թե ինչպես է վայրենացած ամբոխը Սումգայիթում այրում իր ամուսնուն:
Ահա թե ինչ է պատմում Ջիվան Ավետիսյանը ֆիլմի եւ Սերժ Թանկյանի հետ համագործակցության մասին: «Սերժ Թանկյանը կարդաց ֆիլմի սցենարը, դիտեց իմ նախորդ՝ «Թեւանիկ» ֆիլմը, եւ հանձն առավ գրել «Վերջին բնակչի» երաժշտությունը: Բնականաբար նա տեսել է նաեւ ֆիլմի նկարահանված նյութը: Իմ կարծիքով՝ հրաշալի աշխատանք է արված»:
Մոտ 50 րոպե տեւողությամբ ստեղծագործությունը ձայնագրվել է այսօր Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում: Այն դիրիժոր Էդվարդ Թոփչյանի եւ խմբավար Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ կատարել են Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն ու «Հովեր» կամերային երգչախումբը: Ձայնագրման աշխատանքներն իրականացվելու են Հայաստանի հանրային հեռուստաընկերության աջակցությամբ:
«Վերջին բնակիչը» ֆիլմը ստեղծվել է միջազգային համագործակցության արդյունքում: Այն «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ լիտվական «Արտբոքս» կինոընկերության համատեղ արտադրություն է:
Ֆիլմի ստեղծմանն աջակցել են շվեդական «Apricot Stone», ամերիկյան «Alpha Dogs INQ» եւ «Mosaic Arts & Cultural Foundation», Հայաստանի «Դոմինո Փրոդաքշն» ընկերությունները, ինչպես նաեւ` Լիբանանի պետական համալսարանը:
Ֆիլմի դերասանական կազմում հայտնի դերասաններ Ալեքսանդր Խաչատրյանի, Սոս Ջանիբեկյանի, Նարինե Պետրոսյանի, Բաբկեն Չոբանյանի հետ միասին ընկդգրվել են նաեւ համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ` Հոմայուն Էրշադին (Իրան), Սանդրա Դաուկշայտե Պետրուլենեն (Լիտվա), Դիմիտրա Խատուպին (Հունաստան), Աննե Բեդիանը (ԱՄՆ), Արմեն Գրիգորյանը (Ռուսաստան)։
Այժմ ֆիլմը հետարտադրական աշխատանքների փուլում է: Մոնտաժի, գույնի հետ կապված աշխատանքներն իրականացվում են Լիտվայում, ձայնի հետ կապված աշխատանքները` ԱՄՆ-ում։ Ֆիլմի հետ կապված աշխատանքները շուտով կավարտվեն:
Նախատեսվում է, որ ֆիլմը մեծ էկրան կբարձրանա այս տարվա գարնանը։