Ստրադիվարիուսի ջութակներն ավելի վատ են հնչում, քան ժամանակակիցները. Ուսումնասիրություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիացի և ամերիկացի գիտնականների խումբը հետազոտություն է անցկացրել, որում հերքել է առասպելն այն մասին, որ լեգենդար վարպետ Անտոնիո Ստրադիվարիուսի ջութակների հնչողությունն անգերազանցելի է:
ՏԱՍՍ-ը, հղում անելով ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիային, գրում է, որ հետազոտության ընթացքում փորձարկվել է Ստրադիվարիուսի երեք ջութակ և 10 տարի առաջ պատրաստված երեք ջութակ: 137 մարդու մասնակցությամբ գիտափորձն անցկացվել է երկու դահլիճում՝ Փարիզում և Նյու Յորքում: Ջութակների հնչողությունը գնահատվել է և նվագախմբի հետ, և առանձին: Փորձառու և սկսնակ հանդիսատեսը նախապատվությունը տվել է նոր գործիքներին: Ջութակահարները, որոնք գործիքները վերցրել են առանց նախապես տեղեկանալու, նույնպես ընտրությունը կատարել են հօգուտ ժամանակակից ջութակների:
Աշխարհում պահպանվել է մոտ 650 տեսակ երաժշտական գործիք, որոնք ստեղծվել են Ստրադիվարիուսի արվեստանոցում նրա օրոք: Դրանցից 512-ը ջութակներ են: Ընդհանուր առմամբ, կյանքի ընթացքում վարպետը 1100 գործիք է ստեղծել, հիմնականում ջութակներ: Ստրադիվարիուսի ջութակների գները հասնում են մի քանի միլիոն դոլարի: Ավելի թանկ են գնահատվում այսպես կոչված ոսկե շրջանում՝ 1700-1725 թվականներին ստեղծված ջութակները: