Աղմկոտ հրաժարական Հռոմի պապի այցից հետո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ2015 թ. սեպտեմբերին Հռոմի Ֆրանցիսկոս Պապը այցելել էր ԱՄՆ եւ հանդիպումներ ունեցել այդ երկրի Կոնգրեսում: Նա առանձին հանդիպում էր ունեցել նաեւ Կոնգրեսի խոսնակ հանրապետական Ջոն Բեյների հետ: Լուսանկարում երեւում է, թե Բեյները որքան է ազդվել Պապի ելույթից՝ նա արտասվել է:
Պապի այցից հետո Բեյները հրաժարական է տվել: Պատճառը Ընտանիքի պլանավորման, մասնավորապես աբորտը թույլ տալու շուրջ Հանրապետական կուսակցության ներսում ստեղծված իրավիճակն էր: Դեմոկրատական վարչակազմը ցանկանում էր անցկացնել այդ ծրագիրը, Կոնգրեսի Հանրապետական մեծամասնությունը դեմ էր դրան, իսկ Բեյներն անձամբ կողմ էր «միջանկյալ» տարբերակին: Վատիկանն, ինչպես հայտնի է, դեմ է աբորտին: Եվ ահա, Պապի հետ հանդիպումից հետո նա հրաժարական էր տվել, գերադասելով հեռանալ, քան մանեւրել «երկու քարի արանքում»:
Ասում են՝ Հայաստան այցի նախօրեին Ֆրանցիսկոս Պապը պահանջել էր, որ իրեն օլիգարխներ չդիմավորեն: Մյուս կողմից, Հայաստանի իշխող համակարգը բնույթով օլիգարխիկ է ու կոռուպցիոն եւ անասելի հեռու քրիստոնեական արժեհամակարգից, եւ այն արժեքները, որոնց մասին խոսում էր Պապն իր ելույթներում, որեւէ առնչություն չունեն այդ համակարգի հետ:
Դժվար է ասել՝ նրանցից որեւէ մեկն ազդվե՞լ է Պապի կերպարից ու ելույթներից, եւ արդյոք որեւէ մեկը խղճի արթնացում, խայթ ու պահանջ է զգացել հեռանալու: Այս համակարգը, ի տարբերություն Բեյների, «մանեւրի» մեջ է մտել աշխարհքաղաքական կենտրոնների միջեւ, որի իմաստը սեփական դիրքերի ու կարողության պահպանումն է, Հայաստանում ձեւավորված իրավիճակի «հավերժացումը»: Այստեղ չկա քաղաքականություն, առավել եւս սկզբունքայնություն, իսկ արժեհամակարգը խիստ տարբերվում է հավերժական արժեքներից:
Այնուամենայնիվ, արդյոք կլինի որեւէ հրաժարական՝ հանուն Հայաստանի ու հայ ժողովրդի: Դա կլիներ Պապի այցի ամենամեծ արդյունքներից մեկը: