Կառավարությունից չեն հերքում, որ Փաշինյանն ադրբեջանական կողմի հետ քննարկել է Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը․ «Փաստինֆո»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ կառավարությունից չեն հերքում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի օգոստոսի 6-ի հայտարարությունն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը «նաև իրենց հետ է քննարկել» ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը։
«Փաստինֆոն» հարցում էր ուղարկել կառավարություն՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված, որում խնդրել էր պարզաբանել, թե երբ և Ադրբեջանից ում հետ է վարչապետը քննարկել Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը և թե ինչու է Ադրբեջանի ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկում նման հարց՝ ընդհանրապես այն դեպքում, երբ բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը Հայաստանի ներքին գործն է։
Կառավարությունից հարցմանը պատասխանել են, որ «ՀՀ Սահմանադրության վերաբերյալ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը հրապարակային արտահայտվել է սույն թվականի մայիսի 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում, ինչպես նաև այլ ճեպազրույցներում», իսկ ճեպազրույցներում Փաշինյանը խոսել է Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտության մասին։ Ավելին, մայիսի 7-ին Փաշինյանը չէր կարող անդրադառնալ Ամիրբեկովի օգոստոսի 6-ի հայտարարությանը, ինչից հետեւում է, որ իսկապես Փաշինյանը ՀՀ Սահմանադրությունը փոխելու հարցը քննարկման առարկա է դարձրել այլ երկրի, տվյալ պարագայում՝ Ադրբեջանի հետ, ուստիեւ չեն հերքում։