Շուրջ 2.5 միլիոն դոլար՝ 959 միլիոն 255 300 դրամ․ Առողջապահության նախարարության դրամաշնորհը՝ սեփական ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱռողջապահության նախարարությունը (ԱՆ) աստղաբաշխական թվով հերթական դրամաշնորհն է հատկացրել․ այս անգամ պետական խոշոր՝ շուրջ 1 միլիարդ դրամանոց՝ մոտ 2.5 միլիոն դոլար ֆինանսավորում ստացող կազմակերպությունը «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների կենտրոն» ՊՈԱԿ-ն է, որը ստեղծվել է ընդամենը տարեսկզբին։
ԱՆ-ի և ՊՈԱԿ-ի միջև օգոստոսի 12-ին կնքված պայմանագրից տեղեկանում ենք 959 միլիոն 255 300 դրամ (2,481,584 դոլար) պետության կողմից տրվող ֆինանսական աջակցությունը պետական բյուջեի «Դեղապահովում» ծրագրի՝ «Դեղերի փորձաքննության ծառայությունների իրականացում» միջոցառման համար է։ Ծրագրի իրականացման վերջնաժամկետ է նշվել տարեվերջը՝ դեկտեմբերի 25-ը։
Դեռ 2023 թվականի նոյեմբերին կառավարության նիստում որոշում էր ընդունվել լուծարել «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ն։ Ըստ որոշման` այս կենտրոնի լուծարումից հետո 2024 թվականի փետրվարի 1-ից արդեն ստեղծվեց «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։
«Ընկերությունը 100 տոկոս պետական մասնակցությամբ ընկերություն է, այդուհանդերձ, որպես առևտրային կազմակերպություն՝ հետապնդում է շահույթ ստանալու նպատակ: Նշված հանգամանքը կանխելու նպատակով և միաժամանակ դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննությունների կազմակերպումն ու իրականացումը ՀՀ առողջապահության նախարարության կազմում գործող կազմակերպության միջոցով իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լուծարել «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ընկերությունը և հիմնադրել «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը»,- նշված է որոշման հիմնավորման մեջ:
Հիմնավորումը՝ հիմնավորում, բայց փաստ է, որ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը», ի տարբերություն այս ՊՈԱԿ-ի, ինքնաբավ կառույց էր, պետգնումներում հաճախ հանդես էր գալիս իբրև պատվիրատու՝ բեռ չդառնալով պետական բյուջեի վրա։