Գևորգ Պապոյանն այցելել է«Գլորիա չիզիս» պանրի արտադրամաս
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 30-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արագածոտնի մարզի «Գլորիա չիզիս» պանրի արտադրամաս՝ գործունեությանն ու ընթացիկ ծրագրերին ծանոթանալու նպատակով։ Այցին մասնակցել են նաև Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը, Արագածավանի գյուղապետ Արթուր Նազարյանը։
Նախարարը շրջել է գործարանում, ծանոթացել արտադրական գործընթացներին և կարողություններին։
«Գլորիա չիզիս» ընկերությունը հիմնադրվել է 2004 թ-ին: Մասնագիտացված է պանրագործության բնագավառում և սպառողին է ներկայանում 100% կաթից արտադրվող շուրջ 10 տեսակի հոլանդական տարբեր պանիրներով։ Արտադրամասում կիրառվում են հոլանդական ինժեներական լավագույն տեխնոլոգիաները, տարեկան պատրաստվում է 70.000 կգ պանիր, օրական վերամշակվում է ֆերմերային տնտեսություններից մթերվող 2 տոննա կաթ։
Նախարարը ողջունել է ընկերության գործունեությունը և հայտնել ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ աջակցություն ցուցաբերելու վերջինիս զարգացմանը: Գևորգ Պապոյանը ներկայացրել է պետական օժանդակության ծրագրերը, որոնց միջոցով հնարավորություն կտրվի բազմապատկելու արտադրական հզորությունը՝ ներկայանալ նոր արտադրատեսակներով և դրանք արտահանել միջազգային շուկաներ:
Այցի ընթացքում նախարարն այցելել է նաև Արագածավանի «Բլեք անգուս» ՍՊԸ-ի ֆերմային տնտեսություն և սպանդանոց։ Նախարարը ծանոթացել է ներդրումային ծրագրին և ընկերության գործունեությանը: