Իշխանության համար սովորական է ծնողների անունով գնումներ անելը. հերթը Արմեն Փամբուխչյանի թոշակառու հորն է. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հողերի սեփականաշնորհմամբ հայտնի դարձած իշխանությունների կասկածելի կամ կոռուպցիոն օղակը այս անգամ համալրում է Երևանի փոխքաղաքապետի հայրը։
Civilnet-ը բացահայտել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի հայրը՝ թոշակառու Սոկրատ Փամբուխչյանը, 40 հեկտար մակերեսով հողեր է ձեռք բերել Արմավիրի մարզի Շենիկ գյուղում։
Փամբուխչյանը մտադիր է դեղձի այգի հիմնել, այս նպատակով նաև մեծ վարկային հնարավորություններ է ստացել, իսկ պետական ծրագրից օգտվելու արդյունքում՝ թոշակառու Սոկրատ Փամբուխչյանն ավելի քան 102 միլիոն դրամի սուբսիդավորում է ստացել պետությունից։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Արմեն Փամբուխչյանից հետաքրքրվել՝ ինչ է սա, եթե ոչ կոռուպցիա: Ի պատասխան՝ փոխքաղաքապետը ասաց հետևյալը. «ՀՀ օրենսդրությամբ և բանկերի կանոնադրությամբ սահմանված է այն անձանց ցանկը, ովքեր կարող են օգտվել այս կամ այն վարկատեսակից, և եթե իմ հորը նման վարկ է տրամադրվել, ապա վերջինս համապատասխանել է վարկառուների համար սահմանված չափորոշիչներին, իսկ վարկային միջոցները որպես կոռուպցիա դիտարկելը, կարծում եմ, ոչ միայն կոռեկտ չէ, այլ նաև անհեթեթություն է»:
«Միգուցե ձեզ հետ կիսվեն իրենց ունեցած տեղեկություններով», – լավատեսություն հայտնեց ՔՊ վարչության անդամը:
Իշխանությունների համար, կարծես, սովորական է դարձել ծնողների անունով գնումներ անել, գույք ձեռք բերել, հետո ասել, որ «դա հայրս է՝ ոչ ես»։
Սա էլ Նիկոլ Փաշինյանի սիրելի պոզով-պոչով կոռուպցիան, որ, հերիք չի արմատավորվել է հողում, հիմա էլ ներարկվել է իշխանության երակներում։ Նախկին մերժելի բարքերի զզվելի նույնականացում»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։