Հայաստանը չի հանձնի բելառուս ընդդիմադրին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆախօրեին հայ-վրացական սահմանից բերման ենթարկված Բելառուսի քաղաքացի Դիանա Մոիսեենկոն ազատ է արձակվել։ Նրան հայրենիքում մեղադրում են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ ցույցերին մասնակցելու համար: Անցած տարվա հուլիսից Մինսկը նրա դեմ հետախուզում է հայտարարել, ինչի պատճառով էլ հայաստանցի իրավապահները նրան բերման էին ենթարկել, երբ փորձել էր հատել հայ-վրացական սահմանը: Մի քանի ժամ պահելուց, տվյալները ճշտելուց հետո նրան ազատ են արձակել, Մոիսեենկոն տպավորություն ունի, որ իրեն Բելառուս չեն արտահանձնելու։
Հայ-բելառուսական հարաբերությունները վերջին շրջանում սրվել են, ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անգամ անուղղակի մեղադրել էր Բելառուսին Արցախի դեմ պատերազմը նախապատրաստելու հարցում Ադրբեջանին աջակցելու համար: Փաշինյանը նաև հայտարարել էր, թե չի այցելի այդ երկիր այնքան, քանի դեռ Լուկաշենկոն է նախագահ: Բելառուսի նախագահն էլ շաբաթներ առաջ հերթական հակահայկական հայտարարություններն էր արել։
Բելառուս ընդդիմադրի ձերբակալությունն ու ազատումը տարօրինակ են մեկ այլ առումով։ Բելառուսական ընդդիմության վտարանդի առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի գրասենյակից հայտարարել են, թե կապի մեջ են ՀՀ ԱԳՆ-ի հետ, Երևանը հավաստիացրել է, թե հայկական կողմը չի արտահանձնի քաղաքական դրդապատճառներով հետապնդվող Բելառուսի քաղաքացուն:
Տիխանովսկայայի և ՀՀ իշխանությունների միջև ջերմ հարաբերություններ են առաջացել, ինչն էլ, բնական է, հարուցում է Մինսկի զայրույթը։ Ուստի Լուկաշենկոյի պարբերական ցեխարձակումներից Հայաստանի վրա պետք չէ զարմանալ։ Առաջիկայում դրանք ավելի են սրվելու։
Մարինե Սարգսյան