Քուվեյթում իրանական նավ է խորտակվել. կան զոհեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանական Ara Bakhtar-1 բեռնատար նավը, որն ունեցել է վեց հոգանոց անձնակազմ, վթարի է ենթարկվել սեպտեմբերի 1-ին։ Այն խորտակվել է Քուվեյթի տարածքային ջրերում։ Անձնակազմի երեք անդամների մարմինների որոնողական աշխատանքները շարունակվում են, ասել է Իրանի ծովային տրանսպորտի և նավահանգիստների կազմակերպության անվտանգության և առափնյա պահպանության բաժնի ղեկավար Նասեր Փասանդեն, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Խորտակված նավի անձնակազմի վեց անդամների ցանկում եղել են Իրանի և Հնդկաստանի քաղաքացիներ։ Երեք մարդկանց դիերը հայտնաբերվել են, ևս երեք դիերի որոնողական աշխատանքները շարունակվում են», - նրա խոսքերը մեջբերում է Mehr գործակալությունը։
Իրան-Քուվեյթ համատեղ որոնողափրկարարական գործողությունը սկսվել է կիրակի կեսօրին՝ միջադեպի մասին տեղեկություն ստանալուց անմիջապես հետո։ Երեք նավաստիների՝ Հնդկաստանի քաղաքացի լինելու հանգամանքով պայմանավորված՝ խորհրդակցություններ են անցկացվել արտաքին գործերի նախարարության հետ։