Հիմնախնդիրները հինգն են. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՆախընտրական շրջանին ընդառաջ, Հայաստանում կրկին ամենաանհավանական ֆորմատներն են ձեւավորվում։ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի Համահայկական ճակատին միացած ընդդիմադիր գործիչ Գեւորգ Գեւորգյանը, ով ամիսներ առաջ հեռացավ Կարապետյանից, պարզվում է՝ հիմա էլ հարել է մեկ այլ քաղաքական ուժի՝ հակաընդդիմադիր դիրքում գտնվող Ռոման Նազարյանի «Հայաստանի պետականակենտրոն կուսակցությանը»։ Ավելին՝ Գեւորգյանը համահիմնադիրների շարքում է, այդ մասին ասաց ինքը՝ Ռ․ Նազարյանը, հավելելով, որ վաղուցվա ընկերներ են, եւ Արշակ Կարապետյանի հետ Գեւորգյանն այլեւս ոչ մի կապ չունի։ Դեռ այս տարվա մայիսի 8-ին Խուլերի միավորման շենքում նշանակված էր նրա կուսակցության համագումարը, սակայն այն խափանվեց՝ մի խումբ ակտիվ գործիչների շնորհիվ, որոնք թույլ չտվեցին, իրենց բնորոշմամբ, «թուրքական» կուսակցության հիմնումը։
Ակտիվիստներն էին բլոգեր Արթուր Չախոյանը, «ՀԱՅԱՍԱ» ՀԿ հիմնադիրներ Արթուր Ռ. Գրիգորյանը, Մարինա Խաչատրյանը, Սարգիս Բեգրակյանը, ակտիվիստ Արթուր Գրիգորյանը։ Նրանք հայտարարեցին, որ կուսակցության իրական հիմնադիրներից մեկը բնակվում է Թուրքիայում՝ «Ալիեւից քաղաքացիություն խնդրած, ամենօրյա ռեժիմով ադրբեջանական եւ թուրքական լրատվամիջոցներին հարցազրույցներ տվող․․․ Նիկոլ Փաշինյանին «Հայաստանի քերոբ» նշանակած եւ հայերին ֆիզիկական հաշվեհարդարով սպառնացող բլոգեր Նատալի (Տաթեւիկ) Ալեքսանյանն է»։
Կուսակցությունը դեռ հիմնադիր համագումար չի արել, սակայն պատրաստվում է անել հոկտեմբերին, Ռոման Նազարյանի խոսքով՝ չեն պատրաստվում ընկրկել «ստախոսների հայտարարություններից» եւ ավարտին են հասցնելու իրենց գործը։ Գրանցված համահիմնադիրները 5-ն են՝ Գեւորգ Գեւորգյանը եւ հանրությանն անհայտ 4 անձ, որոնք, Նազարյանի խոսքով, նախկինում քաղաքականությամբ չեն զբաղվել։