Ո՞ւմ է կոշտ զգուշացնում Իրանը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱյսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում Իրանի կոշտ դիրքորոշումը հայտնվել է նաև միջազգային առաջատար լրատվամիջոցների էջերում։ Բրիտանական The Guardian-ը գրում է, թե Իրանը ՌԴ-ին զգուշացնում է «Զանգեզուրի միջանցքի» հարցում Ադրբեջանի կողքին չկանգնել։ Ըստ պարբերականի՝ Թեհրանի նախազգուշացումը հուշում է, որ երկրի նոր բարեփոխիչ կառավարությունը ցանկանում է ավելի հավասարակշռված արևելք-արևմուտք քաղաքականություն վարել: «Իրան-ՌԴ վեճն ավելի լայն աշխարհաքաղաքական հետևանքներ կունենա, եթե պարզվի, որ Իրանի նոր կառավարությունը պատրաստ է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Մոսկվայի նկատմամբ՝ որպես իր արտաքին քաղաքականությունը վերահավասարակշռելու ջանքերի մի մաս»,- գրում է The Guardian-ը:
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտնել է, որ իսլամական հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես կարմիր գիծ և վճռական պատասխան կտա դրա ցանկացած փոփոխության։ «Կան ձեռքեր, որոնք աշխատում են այդ միջանցքի պատրվակով տարածաշրջանում Իրանի ռազմական և քաղաքական հզորությունը նվազեցնելու ուղղությամբ։ Մենք զգուշացնում ենք նման պատրանքներ ունեցողներին, որ նման որոշումների հետևանքները ծանր և թանկ կլինեն իրենց համար»,- ասել է նա։
Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե Իրանը դեմ է ցանկացած միջանցքի, որը կխախտի Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և ոմանց երազանքներն այդ մասին երբեք իրականություն չեն դառնա։ «Մենք դեմ ենք ցանկացած միջանցքի, որը Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը կխախտի։ Կողմ ենք, որ ցանկացած վերահսկողություն պետք է լինի Հայաստանի կողմից։ Մենք դեմ ենք, որ այլ երկրներից գան այստեղ և փորձեն ինչ-որ անվտանգություն կամ վերահսկողություն սահմանել։ Ինչքանով, որ ինձ է փոխանցվել, դա չի խոսում այն մասին, որ անվտանգությունը պետք է հանձնվի ինչ-որ միջազգային կազմակերպության։ Ինձ փոխանցվել է, որ անվտանգությունը և վերահսկողությունը լինելու է Հայաստանի կառավարության կողմից և հայաստանյան մարմինների կողմից», - նշել է Հայաստանում Իրանի դեսպանը։
Նախօրեին էլ Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին էր գրել, թե Իրանի համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է։ «Հյուսիսից, հարավից, արևելքից կամ արևմուտքից մեր հարևանների տարածքային ամբողջականությանն ուղղված ցանկացած սպառնալիք կամ սահմանների վերագծում բացարձակապես անընդունելի է և կարմիր գիծ է Իրանի համար», - գրել էր Արաղչին։
Սառա Բարսեղյան