Ռուսաստանում դրական են վերաբերվում փաստին, որ Հայաստանի իշխանությունը մերժել է աջակցել ՄՔԴ-ին՝ Պուտինի «ձերբակալման» հարցում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանում դրական են որակել Եվրախորհրդի հռչակագրին չմիանալու Հայաստանի դիրքորոշումը։ Հռչակագրով, հիշեցնենք, խրախուսվում է Միջազգային քրեական դատարանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «ձերբակալելու» օրդեր տրամադրելու հնարավորությունը։
Հայաստանի այս դիրքորոշումը Lenta.ru-ի հետ զրույցում դրական է որակել ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսպես կոչված Միջազգային քրեական դատարանը հակառուսական կեցվածք է որդեգրել և հարվածի տակ է դրել մեր պետության ղեկավարին, Երևանի այս որոշումը արժանի է դրական մեկնաբանության»,- ասել է Կարասինը։
Նրա խոսքով՝ ՄՔԴ-ի որոշումներն ընդհանրապես միտված են հետխորհրդային տարածաշրջանի երկրների դեմ և նպատակ ունեն խաթարել նրանց միասնական դիրքորոշումները։
Նշենք, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արդարադատության նախարարների կողմից «Ուկրաինայում կատարված միջազգային հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ» խորագիրը կրող համաժողովի արդյունքում ընդունված հռչակագրի կետերից մեկով նշվում է «Ուկրաինայի դեմ հանցագործության գործով հատուկ տրիբունալի ստեղծման անհրաժեշտության» մասին։
Ավելի վաղ Aysor.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հաստատել էր, որ Հայաստանն ի սկզբանե չի միացել հռչակագրին: