Էրդողանի կոշտ հայտարարությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 9-ին կայացած կառավարության նիստից հետո հանդես է եկել հայտարարություններով:
Էրդողանն անդրադարձել է երկրի ռազմական ներուժին՝ շեշտելով, որ նախկինում ռազմարդյունաբերության ոլորտում 80 տոկոս կախում ունեցող երկրից Թուրքիան վերածվել է սեփական միջոցներով իր համար անհրաժեշտ զենք-զինամթերք արտադրող երկրի:
«Թուրքիան ԱԹՍ-ի և հարվածային ԱԹՍ-ի տոխնոլոգիաներում աշխարհի 3-4 երկրից մեկն է»,-հավելել է նա:
Նա նաև հայտարարել է, որ իրենք դեմ են յուրաքանչյուր նախաձեռնության և փորձի, որը ստվեր կգցի բանակի ունեցած կարգապահության և հեղինակության վրա:
«Մենք ոչ մի կերպ թույլ չենք տա, որ մեր հերոսական բանակը մաշվի և կամ բանակի միջոցով քաղաքական հաշվարկներ արվեն: Նույն զգայունությունը առկա է նաև մեր հանրապետության հիմնադիր, անկախության պատերազմի գլխավոր հրամանատար, վետերան Մուսթաֆա Քեմալի հարցում»,-ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ վերջերս թուրքական սոցմեդիայում տարածվել էին լուսանկարներ, որում երևում էր, թե ինչպես են մի քանի ենթասպա կանգնել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանի դիմաց՝ հին թուրքերենով «Թուրք» գրառմամբ դրոշը ձեռքներին:
Թուրքիայի պաշտպանության նախարարության համալսարանի ցամաքային ենթասպայական բարձրագույն դպրոցն ավարտած ենթասպաներից մեկը, ում դեմքը ևս չէր երևում նկարներում, սոցցանցում կատարած հրապարակմանը զուգահեռ գրել էր. «Մենք Մուստաֆա Քեմալի որդիներն ենք և մեզ համար էական չէ, թե ինչի որդիներն եք դուք»: