Օկամպոն արցախյան քաղհասարակության ներկայացուցիչներին ներկայացրել է արցախցիների իրավունքների միջազգային պաշտպանության վերաբերյալ իր մոտեցումները
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱրցախյան քաղհասարակության տասնյակ ներկայացուցիչներ սեպտեմբերի 9-ին Երևանում հանդիպում են ունեցել ՄՔԴ առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ, Արցախ Միության կազմակերպմամբ:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել թե՛ Արցախի ժողովրդի ցեղասպանության տարբեր դրվագների ու դրանց վերաբերյալ միջազգային արձագանքների, թե՛ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմների ու հնարավոր անելիքների շուրջ:
Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել Օկամպոյի ջանքերը միջազգային հարթակներում Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության նպատակով: Նա ընդգծել է համակարգված ու հետևողական ջանքերի անհրաժեշտությունը եղած մեխանիզմների ու հնարավորությունների արդյունավետ օգտագործման համար:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է միջազգային հարթակներում իրականացվող քայլերը՝ շեշտադրելով Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի իրացման և պատանդառված անձանց ազատ արձակման առաջնահերթությունները:
Լուիս Մորենո Օկամպոն ներկայացրել է Արցախի ժողովրդի ցեղասպանության դատապարտման և իրավունքների միջազգային պաշտպանության վերաբերյալ իր մոտեցումներն ու խորհուրդները: Նա հատուկ կերպով անդրադարձել է հայ պատանդների ազատ արձակման նպատակով իր կողմից մեկնարկած արշավին՝ կարևորելով տեղեկատվական հարթակներում հանրային ակտիվ ճնշման ապահովումը, որը կարող է վերաճել միջազգային պատշաճ ուշադրության ու գործողությունների՝ COP 29 համաժողովին ընդառաջ:
Մտքերի փոխանակման ընթացքում հյուրը հետաքրքրվել է մի շարք հիմնարար հարցերի շուրջ արցախյան հասարակության դիրքորոշումներից՝ ընդգծելով ինքնակազմակերպման և պայքարի շարունակման անհրաժեշտությունը, որի դեպքում հնարավոր կլինի հասնել նշանակալի հաջողությունների: