Սո՞ւտ, «կռուտի՞տ», թե՞... բոլորը միասին՝ որպես սովորություն. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանը հանգամանորեն կանգ առավ 2020-ի նոյեմբերի 9-ին իր իսկ ստորագրած եռակողմ փաստաթղթի հատկապես 9-րդ կետի վրա:
Փաշինյանը նախ նշեց. «Փորձ է արվում ներկայացնել, թե 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ենթադրում է, որ այս կոմունիկացիաների անվտանգությունը Հայաստանի Հանրապետության տարածքում պետք է ապահովեն երրորդ ուժեր կամ երրորդ երկիր»: Ապա պնդեց, որ «նման ընկալումը որևէ կապ չունի իրականության հետ»:
Հետո հատվածաբար մեջբերումներ արեց հիշատակված փաստաթղթի խնդրո առարկա 9-րդ կետից: Մեջբերեց այնպես, ինչպես իրեն էր ձեռնտու: Ու, իր մեջբերածի վրա հիմնվելով, հայտարարեց, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա դրույթ, որ Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի վրա պետք է լինի այլ երկրի վերահսկողություն: «Նման դրույթ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ընդհանրապես չկա»,- շեշտեց Փաշինյանը:
Բա՛յց:
Նա ինքն այդ ելույթում մի քանի անգամ նշեց, թե դա հրապարակային փաստաթուղթ է: Ասենք ավելին՝ այդ փաստաթղթի հայերեն թարգմանությունն ու ռուսերեն բնօրինակը զետեղված են կառավարության պաշտոնական կայքում: Այդքան «մեջբերումասեր» Նիկոլ Փաշինյանը միանգամայն հասկանալի պատճառներով համառորեն «չտեսավ» ու չմեջբերեց դիտարկվող փաստաթղթի 9-րդ կետի հետևյալ նախադասությունը. «Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»:
Ընթերցողի ուշադրությունն ենք հրավիրում (Փաշինյանինը հրավիրել անիմաստ է) «վերահսկողություն» բառի և «Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմիններ» կապակցության վրա:
Հարց է ծագում. ըստ փաստաթղթի ու Փաշինյան-Ալիև-Պուտին պայմանավորվածության, ի՞նչ է նշանակում «տրանսպորտային հաղորդակցության վերահսկողություն», ի՞նչ էր, էլի, անելու Ռուսաստանի սահմանապահ ծառայությունը, եթե ոչ՝ հենց այդ հաղորդակցության վերահսկողությունը, ինչը տրամաբանորեն ներառում է անվտանգության ապահովումը (թե չէ, ինչո՞ւ էր ՌԴ անվտանգության դաշնային ծառայության մարմինը դրանով զբաղվելու):
Մեկ այլ հարց. բառախաղերի, տառակերության ետևից ընկնելով՝ Նիկոլ Փաշինյանն ում է ինչ ուզում ապացուցած լինել: Ու սա ի՞նչ է, նրա հերթական սո՞ւտը, «կռուտի՞տը», թե՞ մեկ այլ բան:
Իսկ իմա՞ստը: Մանավանդ, իր՝ բազմիցս հրապարակային մանիպուլ յացիաների ու փաստերի նենգախեղման մեջ «բռնված» վայ-կառավարչի դեպքում:
Հ.Գ.-Նյութը պատրաստ էր տպագրության, երբ Նիկոլ Փաշինյանը նոր հայտարարությունը արեց՝ ըստ երևույթին փորձելով ինքն իրեն խմբագրել, սակայն ավելի բարդացրեց վիճակը՝ ըստ էության «յուրովի» մեկնաբանելով իր իսկ ստորագրած փաստաթուղթը: «Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետում գրված ձևակերպումը չի նշանակում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է ներկա գտնվեն Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհին։ Ռուսական սահմանապահ ուժերի ներկայությունը Հայաստանում դա Հայաստանի որոշելու խնդիրն է։ Եթե վաղը Հայաստանը որոշի, որ նրանք չպետք է ներկա լինեն, նրանք ներկա չեն լինի»,-ասաց նա:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում