«Հայկի զոհվելու օրվանից մինչ օրս հայրիկս տան դուռը կողպեքով չի փակում, կարծես սպասի, որ նա գալու է». Հայկ Թունյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Լիլիայի և եղբոր՝ Հայկի տարիքային տարբերությունն ընդամենը մեկ տարի է: Բնական է, որ քույրիկը հրաշալի է հիշում եղբոր մանկության տարիները: «Հայկը շատ չարաճճի էր, սիրում էր իր գլխին փորձանքներ բերել: Չէր սիրում հանդարտություն, հանգստություն: Իսկ ես իր հակապատկերն էի: Ինչպես երևի բոլոր քույր ու եղբայրները, մենք ևս շատ վեճեր էինք ունենում: Բայց, միևնույն ժամանակ, շատ կապված էինք իրար հետ: Մեզանից տասը տարի փոքր քույրիկ ունենք: Իր հետ Հայկի կապվածությունն աննկարագրելի էր, ուրիշ, նույնիսկ արտաքնապես մեր քույրիկը Հայկին ավելի նման է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Լիլիան՝ Հայկի քույրիկը:
Դպրոցական տարիների մասին խոսելիս նշում է՝ եղբայրը սովորելու հետ սեր չուներ, բայց աչքի էր ընկնում իր մարդ տեսակով ու վարքով: Ծնողական ժողովներին իրեն մշտապես գովում էին, ու թեկուզ սովորելով աչքի չէր ընկնում, բայց մայրիկս ժողովներից միշտ գլուխը բարձր էր տուն գալիս: Շատ էր սիրում ֆիզկուլտուրան, քանի որ տարիներ շարունակ տարբեր սպորտաձևերի է հաճախել՝ լող, ֆուտբոլ, կարատե»: Ապագայի պլանների մասին հարցին Լիլիան հետևյալ կերպ է արձագանքում. «Եղբայրս այնքան լուռ ու համեստ էր, չէր սիրում շատ խոսել: Բանակից վերադառնալուց հետո էր միայն ապագայի պլաններ կազմելու: Խոսում էր միայն ծառայության զորակոչվելու, աշխատանքում հայրիկին օգնելու, նրա կողքին լինելու մասին: Կրթությունը շարունակելու, ինչ-որ աշխատանքով զբաղվելու մասին չէր խոսում»:
Երևանի արհեստագործական պետական ուսումնարանն ավարտելուց հետո 2020 թ. հուլիսի 8-ին Հայկը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայությունն անցնում էր Արցախում՝ «Մարտունի 2»-ում: Լիլիան ցավով է ասում՝ հիմա է, որ մարդիկ կարծես «սովոր» են պատերազմին: «Մենք պատերազմ չէինք տեսել: Իր զորակոչվելուց առաջ մեր տրամադրվածությունը շատ լավ էր, մարտական, նույնն էլ՝ Հայկի պարագայում: Սակայն երբ մայրիկս իմացավ, որ Հայկը Ղարաբաղում է ծառայելու, երևի երկու օր անդադար լաց է եղել: Իրեն ասում էինք, որ դա վատ նշան է, չի կարելի: Մայրիկը շատ կապված էր Հայկի հետ, երևի ինչ-որ բան էր զգում: Բայց Հայկին մարտական տրամադրությամբ, ոգևորելով բանակ ենք ճանապարհել: Նա էլ մեծ սիրով ու ցանկությամբ է մեկնել ծառայության»: Հայկը մշտապես շատ դրական է արտահայտվել ծառայության մասին, ամեն օր զրուցել է ընտանիքի անդամների հետ:
«Հարմարվելու հետ խնդիր չի ունեցել: Ծառայությունը լավ էր անցնում: Պատերազմի օրերին մեզ հետ շատ բան չէր խոսում, մենք էլ գիտակցում էինք, որ չի կարելի իրեն շատ հարցեր տալ: Զանգերն ուշ-ուշ էին, երկու կամ երեք օրը մեկ: Սովորել էինք իր ուշ-ուշ զանգերին, չէինք անհանգստանում»: Հայկի ու ընտանիքի անդամների հետ վերջին զրույցը եղել է հոկտեմբերի 29-ին: «Այդ զրույցը մեզ ընդհանրապես դուր չեկավ, դա միակ օրն է եղել, երբ մի տեսակ էր խոսում: Հետաքրքիր մի բան էլ. երևի իր ձայնի տոնայնությունից ինչ-որ բան զգացինք: Մեր վերջին խոսակցությունը ձայնագրել ենք: Այդ ձայնագրությունը մինչև հիմա չեմ կարողանում լսել: Մի շրջան եմ միայն կիսատ-պռատ լսել, բայց հիմա էլ չեմ կարողանում, չնայած այն հեռախոսիս մեջ է»: Հոկտեմբերի 29-ից հետո, երբ զանգերը դադարում են, ընտանիքն սկսում է անհանգստանալ: «Նոյեմբերի 7-ին իմացանք իր զոհվելու մասին, այն էլ՝ շատ պատահական: Մեր ծանոթներից մեկը դիահերձարանում է եղել, զոհված զինծառայողների անունների ցուցակի մեջ մեր Հայկի անունն է տեսել: Եթե դա չլիներ, հավանաբար շատ ուշ կիմանայինք լուրը, իրեն ուշ կգտնեինք: Մեզ ասում էին՝ անտառներում են, ապահով են, իրենց հետ սերժանտ կա, ուղղակի կապը լավը չէ: Նույն հուսադրող խոսքերը, որոնք բոլորին են ասել»:
Հայկը զոհվել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում: «Նոյեմբերի 24-25-ին Հայկը մեզ մոտ է հասել: Եղբորս հուղարկավորության օրը պապիկս մահացավ: Շատ ծանր օրեր էին մեզ համար: Հայկին իր բոլոր պարապմունքներին, դասերին միշտ պապիկն էր ուղեկցում, շատ կապված էին: Երբ պապիկն իմացավ Հայկի զոհվելու լուրը, ինսուլտ տարավ, իսկ հուղարկավորության օրը հենց տանը մահացավ: Հիմա միասին են, այդ պատճառով չհամաձայնեցինք Հայկին Եռաբլուրում հուղարկավորել, որ պապիկի հետ կողք կողքի լինեն»: Ապրելու ուժի մասին: «Հայկի զոհվելու օրվանից մինչ օրս հայրիկս տան դուռը կողպեքով չի փակում, մեր տան դուռը միշտ բաց է, կարծես սպասի, որ Հայկը գալու է: Հայրիկն իր էմոցիաները ցույց չի տալիս, ամբողջն իր ներսում է կուտակում, ինչը լավ չէ: Մեր փոքրիկ քույրիկն է, որ բոլորիս ուժ է տալիս այս ծանր օրերում ամուր լինել: Հայրիկն ու մայրիկը մշտապես ասում են՝ եթե Լիդիան չլիներ, չէինք դիմանա: Քույրիկս, չնայած իր տարիքին, շատ հասուն երեխա է: Հայկի զոհվելու ժամանակ նա ավելի փոքր էր, բայց հստակ հասկանում էր, թե ինչ է կատարվում: Մինչև հիմա էլ Հայկի մասին խոսելիս իր աչքերն արցունքոտվում են: Երբ գնում ենք Հայկի մոտ, մեզ հետ հաճախ չի գալիս, քանի որ շատ է հուզվում: Կարծես ամաչի մեզ մոտ նաև իր էմոցիաները ցույց տալ, ինչը ևս նորմալ է: Նա է մեզ ուժ տալիս ոտքի վրա ամուր մնալ, ուժեղ լինել»:
Հ. Գ. - Հայկ Թունյանն Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Նորագավիթի գերեզմանատանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում