Հայաստանի և Ադրբեջանի միջև թշնամության բնույթի մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎերջերս Ադրբեջանը նշեց պետության տարածքային ամբողջականության ամբողջական վերականգնման առաջին տարեդարձը։ Մեկ տարի առաջ լավատեսները կանխատեսում էին հայ-ադրբեջանական հակամարտության շուտափույթ ավարտ, սակայն այսօր թվում է, թե Բաքուն և Երևանը դեռ շատ հեռու են իրական խաղաղություն հաստատելուց։ Նրանք մինչ օրս միմյանց ընկալում են որպես թշնամի, գրում է Ng.ru-ն։
Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով նորընտիր խորհրդարանի առջև, ասել է, որ Հայաստանն իրականում խաղաղության չի ձգտում, այլ ժամանակ է ձգում: Նա նման եզրակացության է եկել այն բանից հետո, երբ Երևանը 70 օր չի արձագանքել երկար սպասված փաստաթուղթը կազմելու ադրբեջանական առաջարկներին և, ի վերջո, նախագծից պարզապես հանել է չհամաձայնեցված կետերը։ «Նման պարզունակ և ոչ ադեկվատ քայլը, անկեղծ ասած, անսպասելի էր»,- խոստովանել է Ալիևը։ Նա հայտարարել է, որ Բաքվի համար գլխավոր խնդիրը պետք է լինի ռազմական հզորացումը։ Ըստ Ալիևի, ի թիվս այլ բաների, դրան նպաստում են ռևանշիստական միտումները Հայաստանում: Միաժամանակ, վերջին չորս տարիների ընթացքում Ադրբեջանն ինքը մեծ հաջողությունների է հասել, ստեղծվել են նոր զինված կազմավորումներ, մի քանի անգամ ավելացվել է հատուկ նշանակության ջոկատների թիվը։ «Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ոչ ոք խաղաղության պայմանագիր չառաջարկեց նացիստական Գերմանիային: Նացիստական Գերմանիան բաժանվեց մասերի»,- եզրափակել է Ալիևը։ Ադրբեջանում Ղարաբաղի համար պատերազմն անվանում են հայրենական: Այնպես որ, Ադրբեջանի ղեկավարի այլաբանությունն առավել քան հասկանալի է։ Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ Հայաստանը պետք է շուտափույթ խաղաղության պայմանագիր ստորագրի, քանի դեռ նրան վատ բան չի պատահել։ Երևանում այս հարցին խուսափողական պատասխան են տալիս։ Տեղական իշխանությունները մի կողմից ասում են, որ պատրաստ են պայմանագիրը ստորագրել գրեթե մոտ օրերս։ Մյուս կողմից, նրանք խաղում են ժամանակի վրա և զենք են գնում բոլոր նրանցից, ովքեր պատրաստ են վաճառել դրանք։
Մինչև 2023 թվականի սեպտեմբերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունը համարվում էր հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գլխավոր խնդիրը։ Հիմա դա չկա, բայց փոխադարձ անվստահությունը մնում է։ Առաջնորդվելով այդ զգացումով` Բաքուն ձգտում է ոչ թե թշնամու հետ հաշտության, այլ նրա կապիտուլյացիայի` պարբերաբար շեշտելով, որ պարտվողը պետք է կատարի հաղթողի կամքը։ Միաժամանակ, ադրբեջանական կողմին պետք է երաշխիք, որ հայերը երբեք չեն կարողանա վրեժ լուծել։ Երևանում, ընդհակառակը, չեն ցանկանում հանձնվել նրանց ողորմությանը, ովքեր Հայաստանի կեսն անվանում են Արևմտյան Ադրբեջան և կասկածներ ունեն Բաքվի ագրեսիվ մտադրությունների հարցում։
Միջազգային միջնորդները կարող են օգնել հայերին և ադրբեջանցիներին ընդհանուր լեզու գտնել: Բայց այսօր չկա մի երկիր, որին հավասարապես վստահեն և՛ Հայաստանի և՛ Ադրբեջանի իշխանությունները։ Նրանք պահանջներ ունեն Ռուսաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Թուրքիայի դեմ։ Վերջերս Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, ով դիվանագիտական մեծ փորձ ունի, սկսել է ակտիվություն ցուցաբերել, բայց չնայած բանակցելու կարողությանը, նա չունի տարածաշրջանի վրա ազդեցության իրական լծակներ։
Տեսականորեն երկխոսությունը կարող է հաստատվել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական ակտիվիստների օգնությամբ, ովքեր հրապարակայնորեն կպաշտպանեն ժողովուրդների միջև խաղաղությունն ու բարեկամությունը: Նման մարդիկ կան։ Նրանք 1990-ականների սկզբից փորձում էին հաշտեցնել իրենց համաքաղաքացիներին և չեն դադարել փորձել 2020 և 2023 թվականներին։ Բայց խաղաղարարները քիչ են, նրանք չեն վայելում կառավարության աջակցությունը և հաճախ ավելի շատ նման են ուրացողների, քան պայծառ ապագայի ավետաբերների:
Այնուամենայնիվ, չնայած փոխըմբռնման բացակայությանը և տարատեսակ ֆոբիաներին, Բաքուն և Երևանը կարողացան սահմանազատել և սահմանագծել սահմանի որոշ հատվածներ։ Բացի այդ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով, կողմերը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի 16 կետերից 13-ի շուրջ։ Իհարկե, ոչ մի փաստաթուղթ չի կարող երաշխավորել թշնամանքի ավարտը, սակայն այդ քայլերն արվել են ճիշտ ուղղությամբ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը